Անկեղծ ասած, երկար ենք սպասել այս օրվան. Հայկ Մարության (տեսանյութ)
Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տրվել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգաշարի մեկնարկը:
«Մաեստրո Մանսուրյան 80» խորագիրը կրող համերգաշարն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ:
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր խոսքում նշեց, որ օրը երկար սպասված էր. «Անկեղծ ասած, երկար ենք սպասել այս օրվան։ Վերջերս առիթ ունեցա ասելու, որ երջանիկ եմ լինել մեծ երաժշտի ժամանակակիցը, ամեն վայրկյան վայելել նրա լուսավոր ներկայությունը մեր կողքին։ Դեռ այս տարվա հունվարին, երբ մաեստրո Մանսուրյանի հետ որոշեցինք նրա 80-ամյակին նվիրված համերգաշար կազմակերպել, նշաձող ենք դրել, որ այն պետք է իր մասշտաբով եւ լրջությամբ գոնե ձգտի հավասարվել նրա ստեղծագործության մասշտաբին եւ մեծությանը»։
Մաեստորն իր հերթին շնորհակալություն հայտնեց երեկոյի համար. «Շատ գեղեցիկ երեկո եղավ։ Անչափ շնորհակալ եմ քաղաքապետարանին, պարոն քաղաքապետին, իշխանության բոլոր շերտերին, որոնք ցանկացան, որ այս երեկոն լինի հենց այստեղ՝ Արցախ աշխարհի մայրաքաղաքում։ Շարունակությունը կլինի Երեւանում»։