Էջմիածնի բնակիչը ահազանգում է դպրոցի վատ պայմանների մասին (Լուսանկարներ)
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչը ահազանգել է թիվ 1 դպրոցի վատ պայմանների մասին: NEWS.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին պնդում էր, որ դպրոցում պայմաններն այնքան վատ են, որ առաջին դասարանցիները սեպտեմբերի 1-ին հուզվել են, չեն ցանկացել գնալ դպրոց:
«Սեպտեմբերի 1-ին երեխաներին տարել ենք ու տեսել, որ ոչ մի պայման չկա: 18 տարի առաջ ես ոնց ավարտել եմ, այնպես էլ մնացել է դպրոցը, ոչ մի անգամ չեն վերանորոգել: Դասատուն պատուհանը բացեց, քիչ էր մնում վրան ընկներ, սանհանգույցը էլ չասեմ` ինչ խայտառակ վիճակում: Երեխաս լացում էր, ասում էր` չեմ ուզում դպրոց գնամ»,- ասել է Էջմիածնի բնակիչը:
Ահազանգած քաղաքացին պատմել է, որ դպրոցում միայն սպորտդահլիճն է վերանորոգված, այն էլ «Արթուր Ասատրյան» հիմնադրամի կողմից:
«Ես գիտեմ, որ հիմնադրամը ցանկանում է ամբողջ դպրոցը վերանորոգի, բայց քազաքապետարանից չեն թողնում, ասում են` փոխանցեք մեզ, մենք կվերանորոգենք: Պարզ է` գումար են ցանկանում աշխատել»,- ասաց նա: