Միեւնույն ժամանակ մենք առաջարկ ենք ուղղել միջուկային պարտավորությունների դադարեցման երրորդ քայլի վերաբերյալ. Զարիֆ
Եթե եվրոպական կողմն իրականացնի Իրանի միջուկային ծրագրի շրջանակներում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը (ՀԳՀԾ), Իրանը կարող է հրաժարվել միջուկային գործարքի իր պարտավորությունների դադարեցման երրորդ քայլից, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Եվրոպացիների հետ Իրանի բանակցությունները շարունակվում են: Միեւնույն ժամանակ մենք առաջարկ ենք ուղղել միջուկային պարտավորությունների դադարեցման երրորդ քայլի վերաբերյալ: Մենք գտնվում ենք որոշումը կայացնելու եզրափակիչ փուլում»,-ասել է Զարիֆը Իրանի Մեջլիսի (խորհրդարան) ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամների հետ նիստից հետո:
«Եթե Եվրոպան մինչեւ հինգշաբթի (սեպտեմբերի 5-ը) չձեռնարկի անհրաժեշտ քայլերը, ապա, համաձայն մայիսի 7-ին ընդունված որոշման, Իրանը ուղերձ կհղի նրանց ՀԳՀԾ-ի իր պարտավորությունների դադարեցման երրորդ քայլն իրագործելու մեկնարկի մասին»,-նշել է Զարիֆը:
Իրանի ԱԳ նախարարը նաեւ նշել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչիի՝ Փարիզ կայանալիք առաջիկա այցի մասին՝ նշելով, որ նա քննարկելու է Ֆրանսիայի իշխանությունների հետ միջուկային գործարքի պահպանմանն ուղղված առաջարկները: