Արտակարգ դեպք Գերմանիայում. Բաց երկնքի տակ ռեփերների համերգի ժամանակ էկրանը վայր է ընկել, տուժել է 28 մարդ
Գերմանիայի արեւմուտքում՝ Էսենում, ուժգին ամպրոպին բաց երկնքի տակ տեղի ունեցող համերգի ժամանակ պոկվել եւ վայր է ընկել լուսային Էկրանը, որը տեղադրված էր բեմի հարեւանությամբ, հաղորդում է DW-ը:
Դա տեղի է ունեցել օգոստոսի 31-ին՝ շաբաթ երեկոյան՝ Marteria բեմական անունով ներկայացող ռեփ կատարող Մարտեն Լասինի եւ որպես Casper հայտնի Բենյամին Գրիֆի ելույթի ժամանակ: Երաժիշտների ելույթի պահին համերգին ներկա էր 18 հազար ունկնդիր:
Դեպքի հետեւանքով տուժել է 28 մարդ, որոնցից երկուսը ստացել են ծանր վիրավորում:
Չնայած ամպրոպին՝ երաժիշտները շարունակել են ելույթը, սակայն որոշ ժամանակ անց ստիպված էին դադարեցնել այն: Այցելուները կարողացել են հեռանալ համերգից՝ օգտվելով հասարակական տրանսպորտից:
Դեպքի վայրը շրջափակվել է եւ հսկվում է: Քրեական ոստիկանությունը հետաքննում է պատահարի պատճառները: