ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղը տնօրենի նոր պաշտոնակատարը հանդիպել է բուհի վարչական անձնակազմի ներկայացուցիչների, ստորաբաժանումների ղեկավարների հետ
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է բուհի վարչական անձնակազմի ներկայացուցիչների, ստորաբաժանումների ղեկավարների հետ:
ԵՊՀ-ից հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն ու ԵՊՀ գլխավոր հաշվապահ Ռաֆիկ Գրիգորյանը:
Հանդիպման նպատակը ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի նոր պաշտոնակատար նշանակելն էր:
ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գ. Գևորգյանը ներկայացրեց մասնաճյուղում ստեղծված իրավիճակը՝ տեղեկացնելով, որ 2018 թ. հունիսի 12-ին ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար նշանակված Ա. Վ. Ցուցուլյանը 2019 թ․ օգոստոսի 28-ին, իր դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից: Գ. Գևորգյանը նաև նշեց, որ մինչև նոր ընտրության կազմակերպումը ԵՊՀ ԻՄ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում տնօրենի խորհրդական, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Անուշավան Հայկարամի Մակարյանը (http://www.ysu.am/persons/hy/Anushavan-Makaryan):
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացին վերաբերող տարաբնույթ խնդիրներ, ինչպես նաև Գ․ Գևորգյանը պատասխանեց հանդիպման մասնակիցների հարցերին:
Վերջում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը մասնաճյուղի տնօրենի նոր պաշտոնակատարին և աշխատակազմին մաղթեց արդյունավետ գործունեություն: