ԵՄ դիվանագետներն աջակցում են Մակրոնի առաջարկին՝ Իրանին թույլ տալ վաճառել նավթի մի մասը. լրատվամիջոց
Եվրամիության երկրների դիվանագետներն աջակցում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկին՝ Իրանին թույլ տալ վաճառել նավթի որոշ ծավալներ մի շարք լուրջ պարտավորությունների դիմաց, հայտնում է The Wall Street Journal-ը:
Պարբերականը նշում է, թե խոսքն այն ծրագրի մասին է, որը Բիարիցում տեղի ունեցած G7 գագաթնաժողովի ժամանակ Մակրոնը ներկայացրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը: Միջոցառումների այս համալիրը քննարկվել է նաեւ Հելսինկիում ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ: Չի հստակեցվում, թե կոնկրետ որ եվրոպական երկրներն են հանդես եկել աջակցությամբ:
Պարբերականի տեղեկություններով՝ քննարկվել է Իրանին օրական մոտ 700 հազար բարել նավթ վաճառել թույլ տալու հնարավորությունը, ինչպես նաեւ Թեհրանին մոտ 15 մլրդ դոլարի վարկի տրամադրումը: Հոդվածից հետեւում է, որ դրա դիմաց Իրանից կարող են պահանջել ամբողջությամբ հետեւել միջուկային գործարքի բոլոր պայմաններին, ինչպես նաեւ, հավանաբար, ինչ-որ այլ պարտավորություններ ստանձնել:
Հրապարակման մեջ նշվում է, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Մակրոնի առաջարկներն արդյունավետ է անվանել: Պարբերականն արձանագրում է, որ առայժմ հստակություն չկա, թե ինչ դիրքորոշում ունի Թրամփը: Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահի վարչակազմը չի հայտարարել, որ դեմ է Մակրոնի առաջարկներին: Միաժամանակ, հոդվածում նշվում է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը կտրականապես դեմ է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների որեւէ թուլացման: