Bussines Insider. ԱՄՆ մասնագետները G7-ից հետո Թրամփին անվանում են «ռուսական ակտիվ» և «Պուտինի օգտակար ապուշ»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները G7-ի կազմ Ռուսաստանին վերադարձնելու նպատակահարմարության մասին եւ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին ԱՄՆ-ում հաջորդ գագաթնաժողովին հրավիրելու մտադրությունը ամերիկյան լրատվամիջոցների հերթական քննադատության պատճառն են դարձել:
Bussines Insider-ում հոդված է հրապարակվել, որում ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին եւ գործող ներկայացուցիչները Թրամփի այս հայտարարությունները մեկնաբանելիս նրան անվանում են «ռուսական ակտիվ» եւ «Պուտինի օգտակար ապուշ»:
«Դժվար է պատկերացնել, որ նշաձողն այնքան մեծ անկում է ունեցել, ինչպես վերջին տարիներին: Սակայն հանգստյան օրերին (Ֆրանսիայում անցկացված G7 գագաթնաժողովում – խմբ.) նախագահ Թրամփի պահվածքը դարձավ նոր նվազագույնը», անունը չհրապարակելու պայմանով պարբերականին ասել է ՀԴԲ գործակալը, որն աշխատում է հակահետախուզությունում:
«Հանուն Բարձրյալի, ի՞նչը Թրամփին ստիպեց մտածել, որ լավ գաղափար կլիներ Ռուսաստանին վերադարձնել («Մեծ յոթնյակի») սեղանի շուրջ: Դա ինչպե՞ս է ծառայում ԱՄՆ ազգային անվտանգության շահերին»,- վրդովվել է նա:
Պարբերականը նշում է, որ «Ռուսաստանին առնչվող Թրամփի քարոզչությունը հետախուզության վետերանների շրջանում վերականգնում է մտավախությունները, որ Թրամփը կարող է ռուսական «ակտիվ» լինել, որին կարելի է մանիպուլացնել կամ որի վրա ազդեցություն գործել ռուսական շահերին ծառայելու համար, չնայած ոմանք նաեւ կարծում են, որ Թրամփը փորձում է պարզապես բարեհաճություն ստանալ հանուն ապագա բիզնես գործարքների»:
Արդարադատության նախարարության նախկին բարձրաստիճան մի պաշտոնյա, որը սերտորեն աշխատել է նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետ, երբ նա ՀԴԲ տնօրենն էր, G7 գագաթնաժողովում Թրամփի ելույթին արձագանքելով՝ հայտարարել է. «Օվալե աշխատասենյակում մենք ռուսական ակտիվ ունենք»: «Հոդաբաշխ բացատրություն չկա, թե ինչու է նախագահն այդպիսի բաներ ասել,- նշել է նախկին պաշտոնյան: - Ռուսաստանին թույլ տալ կարթից պոկվե՞լ ոչ մեծ երկրներին վախեցնելու համար, այնուհետեւ դրա համար Օբամայի՞ն մեղադրել»:
ԿՀՎ նախկին գաղտնի աշխատակից եւ Թրամփի քննադատ Գլեն Կառլը հայտարարել է, որ ինքն արդեն երկար ժամանակ չի կասկածում, որ նախագահն իրեն պահում է ինչպես «ռուսների համար աշխատող լրտես»: «Ապացույցներն այնքան անհերքելի են, որ հետախուզության մեջ լինելու իմ 35 տարում ես երբեք ոչ մի բանում այդքան համոզված չեմ եղել»,- ասել է Կառլը՝ հավելելով, որ ինքն այս հարցով զրուցել է հետախուզության մի քանի վետերանների հետ, որոնցից շատերը կարծում են, որ Թրամփի գործողությունները ազգային անվտանգությանը սպառնալիք են ներկայացնում:
«Հետախուզական ակտիվները լրտեսներ են դառնում մի քանի պատճառներով,- ասել է Կառլը, որը մասնագիտացել է արտասահմանյան լրտեսներին գայթակղելով: - Դա կարող է սկսվել վարկաբեկող նյութով կամ ֆինանսական կարթով, ակտիվը կարող է համոզված լինել, որ գործում է իբրեւ հայրենասեր, մինչեւ կվարժվի իր դերին: Թրամփն ակնհայտորեն դրական է պատասխանում գովասանքին: Եվ այս դեպքում Պուտինը հասկանում է, թե ակտիվն ինչ է ուզում, եւ նրանք նրան դա են մատուցում: Թրամփն ուզում է իրեն ասեն, որ ինքը մեծագույնն է, այնպես որ՝ դուք դա նրա համար նորից ու նորից եք կրկնում, մինչեւ որ նա հանգում է այն եզրակացության, որ դա իր գործողությունների համար մոտիվացիա է»:
Վերջերս հրաժարական ներկայացրած ՀԴԲ հատուկ գործակալ Ֆրենկ Մոնտոյա կրտսերը չի շտապում Թրամփին «ռուսական ակտիվ» անվանել՝ նշելով, որ նա ավելի շուտ «Պուտինի օգտակար ապուշն է»:
Բայց հաշվի առնելով Թրամփի գործընկերների եւ ռուսների միջեւ հանդիպումների ու շփումների առատությունը ընտրություններից առաջ, ընտրությունների ժամանակ եւ ընտրություններից հետո, Մոնտոյան նշել է, որ իրեն ամենեւին չի զարմացնի, եթե «ռուսների մոտ լինի Թրամփի շրջապատից թեկուզ մեկ ակտիվ»:
ԿՀՎ եւ Ազգային անվտանգության գործակալության նախկին գլխավոր իրավաբան Ռոբերտ Դեյցը համաձայն է, որ Թրամփը բավարարում է Պուտինի շահերը, բայց չի համաձայնվել պատճառներին:
«Թրամփը ցանկանում է Ռուսաստանի հետ գործարք կնքել, երբ նախագահի պաշտոնը թողնի,- ասել է Դեյցը: - Մենք արդեն գիտենք, որ նա շահագրգռված էր Մոսկվայում Թրամփի աշտարակի կառուցմամբ: Պուտինի հետ գործարք կնքելու լավագույն միջոցը նրա հետ սիրալիր լինելն է, ուստի Թրամփը փորձում է բարեհաճության արժանանալ»:
Սակայն նա ընդգծել է, որ Պուտինի ենթական լինելու Թրամփի պատճառներից անկախ՝ «դա վնասակար» է ԱՄՆ շահերի համար: