ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելի չեղյալ է հայտարարել Լեհաստան այցելությունը, որը նախատեսված էր առաջիկա հանգստյան օրերին. Պատճառը «Դորիան» մրրիկն է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելի չեղյալ է հայտարարել Լեհաստան այցելությունը, որը նախատեսված էր առաջիկա հանգստյան օրերին: Թրամփը դա պատճառաբանել է Ֆլորիդային մոտեցող «Դորիան» մրրիկով. նախագահի խոսքով՝ ինքը նախընտրում է այդ պահին ԱՄՆ-ում մնալ, որ համակարգի տարերային աղետի դեմ պայքարի դաշնային իշխանությունների գործողությունները, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Նախագահը հայտնել է, որ Երկրորդ աշխարհամարտը սկսվելու 80-ամյակին նվիրած արարողությանը մասնակցելու համար Վարշավա ուղեւորվող ԱՄՆ պատվիրակությունը իր փոխարեն կղեկավարի փոխնախագահ Մայք Փենսը:
«Կարծում եմ, որ կլինի շատ մեծ փոթորիկ»,- հայտարարել է Թրամփը՝ Սպիտակ տան Վարդագույն այգում ելույթ ունենալով ԱՄՆ Տիեզերական հրամանատարության գործունեության մեկնարկին նվիրված արարողության ժամանակ:
«Ես հենց նոր խոսում էի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ եւ իմ ու ամերիկացի ժողովրդի կողմից լավագույն մաղթանքներս հղեցի: Մեր առաջնահերթությունն է մարդկանց անվտանգությունը, որոնք գտնվում են մրրիկի ճանապահին, եւ ես առաջիկայում կնշանակեմ Լեհաստան իմ այցի ժամկետը»,- հավելել է Թրամփը:
Մրրիկների հարցերով ազգային կենտրոնն այսօր հայտնել էր, որ «Դորիանը» ուրբաթ կուժգնանա մինչեւ «հզոր մրրիկ», իսկ հանգստյան օրերին կմնա «չափազանց վտանգավոր մրրիիկ»: Երբ այն հասնի Ֆլորիդայի տարածքին,- դա տեղի կունենա արդեն կիրակի կամ երկուշաբթի,- մրրիկը կարող է ուժգնանալ մինչեւ նախավերջին՝ չորրորդ կարգ: