ԱՄՆ-ն միջուկային գործարքի պահպանման համար պետք է վերականգնի պատժամիջոցներից բացառումները. Իրանի ԱԳՆ հայտարարությունը
Իրանի միջուկային ծրագրով գործարքի պահպանման համար եվրոպական երկրները պետք է ԱՄՆ-ին համոզեն վերականգնել Իրանի դեմ նավթային պատժամիջոցներից բացառումները: Այս մասին պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաղչին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին վերջին մի քանի հեռախոսային զրույցների ժամանակ երկրի դիրքորոշումը փոխանցել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին: Առաջնորդները նաեւ կարծիքներ են փոխանակել այն մասին, թե ինչպես պահպանեն իրանի միջուկային ծրագրով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը:
«Ռոհանին Մակրոնին ասել է, որ եթե Եվրոպան պահպանի միջուկային գործարքը, ապա իրենք պետք է ապահովեն նավթ վաճառելու մեր հնարավորությունը: Դրա համար 2 տարբերակ կա՝ առաջինն այն է, որ դիմեն ամերիկացիներին եւ խնդրեն իրանական նավթի գնորդների համար վերադարձնել պատժամիջոցներից բացառումները»,- Bloomberg-ի փոխանցմամբ՝ ասել է Արաղչին:
Իրանի ԱԳ փոխնախարարի խոսքով՝ երկրորդ տարբերակը նախատեսում է, որ եվրոպական երկրներն իրենք մեծ ծավալով իրանական նավթ գնեն:
Արաղչին նաեւ նշել է, որ Իրանը կվերադառնա ԳՀՀԾ պայմանների ամբողջական կատարմանը, երբ կարողանա նավթ վաճառել եւ իր եկամուտներին լիակատար հասանելիություն ունենալ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին ներկայացրել էր Իրանին ԳՀՀԾ-ին վերադարձնելու առաջարկ, որի շրջանակում Թեհրանին պետք է թույլ տան նավթի որոշ ծավալ վաճառել մի շարք լուրջ պարատավորությունների դիմաց: Դրանից հետո իրանական դիվանագիտական աղբյուրները Bloomberg գործակալությանը հայտնել էին, որ Թեհրանը ցանկանում է ոչ պակաս 700 հազար բարել ծավալով նավթի արտահանման թույլտվություն ստանալ, իսկ ավելի ուշ վաճառքի ծավալը պետք է հասնի 1,5 մլն բարելի այն դեպքում, եթե արեւմտյան երկրները իրանական միջուկային ծրագրի փրկության հարցում Իրանի հետ բանակցություններ վարելու մտադրություն ունեն: