Գերմանական բանակը բախվում է զգալի խնդիրների. Բունդեսվերը հիմա անգամ առաջին անհրաժեշտության պարագաների՝ բանակային կոշիկի պակաս ունի
Գերմանական բանակը բախվում է ոչ միայն նյութատեխնիկական խնդիրների, այլև Բունդեսվերը հիմա անգամ առաջին անհրաժեշտության պարագաների՝ բանակային կոշիկի պակաս ունի, հայտնում է Die Welt-ը:
«Օդանավերը չեն թռչում, տանկերը չեն ընթանում, թնդանոթները չեն կրակում: Բունդեսվերի հագեցվածությունն անմխիթարական է: Միանգամայն համապատասխանում է «պաշտպանությանը պայմանականորեն պատրաստ է» գնահատականը»,- նշում է հոդվածի հեղինակը:
Պարբերականի տեղեկություններով՝ Բունդեսվերի բանակային կոշիկների մատակարարումը բախվել է ահռելի ուշացումների: Գերմանիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մատակարարումների հանձնարարված ժամկետները չի հաջողվել ապահովել արդյունաբերության սահմանափակ հնարավորությունների պատճառով:
Այսպես՝ ստանդարտ լրակազմից, որի մեջ մտնում է 2 զույգ ծանր եւ 1 զույգ թեթեւ կոշիկ, զինծառայողներին տրվել է միայն մեկ զույգ ծանր կոշիկ. 160 հազար զույգ՝ Բունդեսվերի 183 հազար թվաքանակի պարագայում, նշում է պարբերականը: Ընդ որում՝ թեթեւ կոշիկով ապահովվել է միայն 31 հազար զինվոր:
«Սա նույնն է, որ հրշեջները հրդեհը մարեն հողաթափերով»,- Der Tagesspiegel պարբերականի հետ հարցազրույցում իրավիճակը մեկնաբանել է Բունդեսթագի պատգամավոր Մարի-Ագնես Շթրակ-Ցիմերմանը: