Պերուում հնագետները հայտնաբերել են զոհաբերված 250 երեխաների մնացորդներ
Հնագետները Պերուում հայտնաբերել են զոհաբերված ավելի քան 250 երեխաների մնացորդներ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով RPP ռադիոկայանին։
Ռադիոկայանի տվյալներով՝ մնացորդները հայտնաբերվել են Պամպա լա Կրուսի պեղումների ժամանակ, որը գտնվում է Ուանչակո շրջանում (Լա Լիբերտադ մարզ)։ Հնագետ Ֆերեն Կաստիլյոյի խոսքով՝ հայտնաբերված մնացորդները վերաբերում են 13-15-րդ դարերին եւ կապված են մինչկոլումբոսյան չիմու մշակույթի հետ։ Հնագետների կարծիքով՝ 4-14 տարեկան երեխաները զոհաբերվել են աստվածներին։
Ինչպես նշել է Կաստիլյոն, հայտնաբերվել են նաեւ 40 մարդու մնացորդներ՝ զինվորականներ եւ գերիներ, որոնք նույնպես զոհ են մատուցվել։
RPP-ի տվյալներով՝ դրանք հասցվել են Տրուխիլյո քաղաքի Ազգային համալսարանի լաբորատորիա անհրաժեշտ ուսումնասիրության համար։
Ավելի վաղ հնագետները Պերուում գտել էին երեխաների՝ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում եւ, հավանաբար, համաշխարհային պատմության մեջ ամենամեծ զոհաբերության վկայությունները։ Ավելի քան 140 երեխա եւ 200 երիտասարդ լամա զոհաբերվել են մեկ ծիսակարգի ընթացքում, որը, ենթադրաբար կատարվել է 550 տարի առաջ։
Պամպա լա Կրուսը գտնվում է Ուանչակիտո զոհաբերությունների մատուցման վայրում, Պերուի հյուսիսում։ Դրանից ոչ հեռու գտնվում է Չան-Չանը՝ չիմու մշակույթի նախկին կենտրոնը եւ Չիմոր պետական կազմավորման մայրաքաղաքը։ 1986-ին Չան-Չանը ստացել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կարգավիճակ։