Ադդրբեջանից հարկադրված փախուստի դիմած նախկին զինվորականը պատմել է բռնաճնշումների մասին
Ադդրբեջանից հարկադրված փախուստի դիմած նախկին զինվորականը պատմել է բռնաճնշումների եւ վնասարարության մասին:
Turan-ի համար փորձագետին դիմելու առիթը Կասպից ծովում ընկած կործանիչի մեկ ամիս ձգձված որոնումներն էին:
Պարբերականը նշում է, որ դեռեւս չեն դադարում թռչունի հետ ՄիԳ-29-ի բախման պատճառով կործանման մասին վեճերը, երկրորդ պլան է մղվում մեկ այլ կարեւոր հարց. Ինչու են օդանավն եւ օդաչուին որոնել մի ամբողջ ամիս: Ինչու էին ստիպված հրավիրել թուրք մասնագետների, իսկ հետո նաեւ ռուս զինվորականների:
«Պաշտոնական անձինք պարզ բացատրություններ չեն տվել այս հարցերին՝ պարբերաբար հայտարարելով, որ որոնման դժվարությունները կապված են եղանակային վատ պայմանների հետ:
Այս օրերին հաճախ են հիշվել ՄիԳ-29-ի համանման կործանման դեպքերը, համարյա նույն տեղում 2008-ին եւ Բաքվից հարավ ուղղաթիռի կործանումը 2013-ին: Երկու դեպքում էլ մահացածները եւ մեքենաները գտնվել են բավականին արագ:
Ընդ որում՝ ներգրավվել են միայն տեղացի մասնագետներ եւ սարքավորումներ:
Այդ դեպքում ինչո՞ւ 11 տարի անց մասնագետներ եւ սարքավորումներ չկան եւ ստիպված էին դիմել օտարերկրյա մասնագետներին:
Այս հարցերի պատասխաններն անսպասելի եկան ԱՄՆ-ից, մի մարդուց, ով անմիջական մասնակցություն է ունեցել 2008 եւ 2013 թվականների փրկարարական աշխատաքներին:
2008-ին ՄիԳ-29-ի կործանումից հետո ՊՆ ղեկավարության կողմից ստեղծվել է համաշխարհային ստանդարտներին համապատասխան աշխատանքային խումբ՝ որոնողա-փրկարարական համակարգի կատարելագործման նպատակով
Այս աշխատանքը հանձնարարել են ՌԾՈՒ ղեկավարությանը, եւ 2011-2012 թվականներին ստեղծվել է յուրահատուկ որոնողա-փրկարարական համակարգ, որը թույլ է տալիս կարճ ժամկետում իրականացնել ծովում դրված խնդիրը:
Բավական է նշել, որ այդ շրջանում ստեղծված յուրահատուկ սոնար համակարգը 30 անգամ ավելի արդյունավետ էր այժմ օգտագործվողներից, ինչը նշանակում է որոնելիս ժամանակի նվազագույն կորուստ: Այս արդյունավետությունը հաստատվել է 2013 թվականին, երբ ծովն ընկած մարտական ուղղաթիռը եւ նրա անձնակազմը գտնվեցին մեկ օրում, նշել է մասնագետը:
Պատճառը, որ նշված սարքավորումը փաստացի ոչնչացվեց, իսկ գրագետ մասնագետների թիմը ցրվեց կամ ստիպված էր երկրից հեռանալ, երկրի Ռազմական դատախազության նպատակաուղղված գործունեությունն էր, պնդում է 2011 թվականին ստեղծված որոնողա-փրկարարական համակարգի հեղինակներից մեկը՝ Geo Globe ընկերության նախկին ղեկավար Ֆուադ Մեհրալիեւը:
Ստիպված լինելով Ադրբեջանից հեռանալ եւ ապաստան գտնել ԱՄՆ-ում՝ Մեհրալիեւը Turan գործակալության հետ հարցազրույցում տեղի ունեցածի մանրամասներ է ներկայացրել:
Ամեն ինչ սկսվեց 2013 թվականի հոկտեմբերին, երբ պաշտոնանկ արվեց, այնուհետեւ կալանավորվեց ՌԾՈՒ հրամանատար, ծովակալ Շահին Սուլթանովը եւ Նավիգացիայի ծառայության առաջին աստիճանի կապիտան Գասիմ Գուլիեւը: Դրան հաջորդեցին 35 սպաների եւ տարբեր ծառայությունների ու գերատեսչությունների աշխատակիցների կալանավորումները, որոնք համագործակցել էին ՌԾՈՒ-ի հետ:
Որոնողա-փրկարարական համակարգը հանվեց ՌԾՈՒ Նավիգացիայի ծառայության կազմից եւ փոխանցվեց պաշտպանության նախարարության տեղագրության վարչությանը: Անձնակազմը՝ բաղկացած կրտսեր սպաներից, որոնք ուսուցում էին անցել եւ ժամանակակից տեխնոլոգիաներով ու սարքավորումներով աշխատելու փորձ ունեին, սկսեցին ծառայությունից հեռանալ: Ընդ որում՝ ծառայության նոր կազմը հավաքվում էր նրանցից, ովքեր պատրաստ էին ցուցմունք տալ ՌԾՈՒ նախկին հրամանատարության դեմ, պնդում է Մեհրալիեւը:
ՌԾՈՒ հրամանատարության դեմ բռնաճնշումները շարունակվեցին Ռազմական դատարանում: «Տեսնելով Ռազմական դատախազության սադրած այս ակնհայտ եւ վտանգավոր միտումը՝ ես ստիպված էի երկիրը լքել»,- ասում է Ֆուադ Մեհրալիեւը: Հարցին՝ ո՞րն էր դատախազության կոնկրետ մեղադրանքը, Մեհրալիեւը պատասխանել է, որ հարցաքննությունների ժամանակ իրենից պահանջում էին ցուցմունքներ տալ ՌԾՈՒ նախկին ղեկավարության եւ պաշտպանության փոխնախարարներից մեկի դեմ: Ընդ որում՝ իրենից պահանջում էին խոստովանել, որ ՌԾՈՒ-ի հետ իր ընկերության պայմանագրերը (ի դեպ, հաստատվել է Կառավարության կողմից) խարդախությամբ էին կնքվել եւ երկրին վնաս են պատճառել:
Վերջին անգամ դա եղել է 2014 թվականի սեպտեմբերի 30-ի հարցաքննության ժամանակ: «Մի քանի ժամ հետո ես երկիրը լքեցի, իսկ 7 ամիս անց՝ 2015 թվականի ապրիլի 27-ին, իմ դեմ քրեական գործ հարուցեցին՝ ՔՕ 179.3.2 (ծանրացուցիչ հանգամանքներում պետական միջոցների յուրացում եւ վատնում) եւ 313 (պաշտոնեական կեղծիք) հոդվածներով»,- ասել է Մեհրալիեւը: Հարցին՝ ի՞նչն էր համարվում յուրացում եւ խարդախություն, նա պատասխանել է, որ քննիչը պահանջում էր խոստովանել, որ պայմանագրում աշխատանքների արժեքը ուռճացված է եւ նշված են աշխատանքներ, որոնք չեն կատարվել: «Փաստաբանի հարցին՝ որտեղի՞ց եք վերցրել այդ գները: Քննիչն ասաց՝ Համացանցից: Այդ ժամանակ փաստաբանը մեջբերեց պայմանագրի տեքստը, որում ասվում էր, որ կատարած աշխատանքի գինը ներառում է սարքավորումները, ապահովագրությունը, երաշխիքները, գործուղման ծախսերը, ներմուծման-արտահանման գործարքները եւ ընկերության շահույթը»,- ասել է Մեհրալիեւը: Ռազմական դատախազության ճնշումը տեղի է ունեցել այն բանի ֆոնին, որ պետական ոչ մի կառույց, ում հետ պայմանագիրը ստորագրվել էր՝ պաշտպանության նախարարությունը, ՌԾՈՒ-ն եւ Կառավարությունը պահանջներ չեն ներկայացրել եւ արդյունքից գոհ էին, նշել է նա:
Որքա՞ն ժամանակ կտեւեր ՄիԳ-29-ի որոնումը, եթե օգտագործվեր GeoGlobe որոնողական համակարգը: Ի պատասխան հարցին Մեհրալիեւը նշել է, որ 2-3 օրից ոչ ավելի: Ինչ վերաբերում է հատակից օդանավը բարձրացնելուն, ապա դա կախված է եղանակից եւ խորությունից: Ամեն դեպքում, դա կպահանջեր 1-3 օր: «Երկրից հեռանալուց գրեթե 5 տարի հետո կարող եմ ասել, որ մեր ստեղծած յուրահատուկ համակարգը նպատակադրված ոչնչացվեց, պատրաստված մասնագետները բռնաճնշումների ենթարկվեցին կամ երկիրը լքեցին: Այս ամենի նպատակը վնասարարությունն էր: Որպես արդյունք՝ 2014 թվականից հետո Կասպիցում մեր ենթակառուցվածքը պաշտպանված չէ արտաքին եւ տեխնածին ազդեցություններից»,- կարծում է Մեհրալիեւը:
Ինչ վերաբերում է ՌԾՈՒ նախկին հրամանատար Շահին Սուլթանովին առաջադրված մեղադրանքներին, ապա քննության եւ դատավարության շրջանում նրա դեմ լրատվամիջոցներով վարվում էր սեւացնելու նպատակաուղղված արշավ: Դատապարտվելով 8,5 տարվա ազատազրկման՝ Սուլթանովը չհանձնվեց եւ ապացուցեց, որ իր դեմ մեղադրանքները կեղծ են: Դրա շնորհիվ նրա եւ մնացյալ սպաների ազատազրկման պատիժը փոխարինեցին պայմանական պատժով, հայտնում է պարբերականը: