«Մասիվցի Անդիկի» սպանության օժանդակության մեջ մեղադրվողը Հայաստան էր եկել բուժման
«Օրենքով գող» «Մասիվցի Անդիկ» անունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող 50–ամյա տղամարդը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է մեղադրյալի պաշտպան Վահե Մնացականյանը։ Վերջինս չի ցանկացել հրապարակել իր վստահորդի անունը՝ նշելով, որ նա չի ցանկանում ներկայացնել իր տվյալները։
Վահե Մնացականյանը հայտնել է, որ իր պաշտպանյալը չի ճանաչել ոչ սպանվածին և ոչ էլ սպանության մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացուն, ավելին, հանցագործությանն օժանդակելու որևէ շարժառիթ չի ունեցել։
«Իմ պաշտպանյալը սպանվածի և սպանության համար մեղադրվողի հետ երբևէ առնչություն չի ունեցել։ Նախքաննական մարմնի ներկայացրած որևէ ապացույցով նրա առնչությունը կատարված հանցագործության մեջ չի հիմնավորվել, ինչ–որ տասներորդական հիմնավորում են բերում, անհասկանալի տրամաբանությամբ նրան փորձում կապել կատարվածի հետ, սակայն իրականում որևէ ապացույց չկա, որը կհիմնավորի կատարվածը»,–ասել է Մնացականյանը։
Փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալը բնակվում է ՌԴ–ում, իսկ ձերբակալվելուց օրեր առաջ ժամանել էր Հայաստան՝ բուժման նպատակով։
Նշենք, որ մեղադրյալը հրաժարվել է ցուցմունք տալուց, միայն հայտնել է, որ մեղադրանքը չի ընդունում և որևէ առնչություն չունի առաջադրված մեղադրանքի հետ։
Պաշտպանը նաև հայտնել է լրատվականին, որ Վերաքննիչ դատարանում բողոքարկելու է իր պաշտպանյալին կալանավորելու որոշումը։