Իրանը միջուկային գործարքով պարտավորությունների կրճատման երրորդ քայլին կդիմի, եթե այդ թեմայի շուրջ բանակցությունները արդյունք չտան. Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար
Իրանը, անկասկած, միջուկային գործարքով պարտավորությունների կրճատման երրորդ քայլին կդիմի, եթե այդ թեմայի շուրջ բանակցությունները արդյունք չտան: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Այն դեպքում, եթե բանակցություններում առաջընթաց չլինի, միջուկային գործարքի շրջանակում պարտավորությունների կրճատման երրորդ քայլը անխուսափելի կլինի», - Tasnim-ը մեջբերում է Վաեզիի խոսքը: Միեւնույն ժամանակ, նա նշել է «ֆրանսիական կողմի հետ խորհրդակցությունների դրական դինամիկան»:
2019 թվականի մայիսի 8-ին Ռոհանին հայտարարել էր, որ Թեհրանը դադարեցնում է միջուկային գործարքով պարտավորությունների մի մասի կատարումը եւ մյուս մասնակիցներին 60 օր ժամանակ է տալիս դրանց կատարմանը վերադառնալու համար: Հուլիսի 7-ին Թեհրանն անցել էր կասեցման երկրորդ փուլին (հայտարարել էր 3,67 տոկոսից ավելի ուրանի հարստացման մասին) եւ խոստացել յուրաքանչյուր 60 օրը մեկ պարտավորությունները կրճատել, եթե մյուս մասնակիցները չհետեւեն ձեռք բերված պայմանավորվածություններին: