Պենտագոնը հավանություն է տվել պատի լրացուցիչ 32 կիլոմետրի կառուցմանը
Պենտագոնը հավանություն է տվել սահմանապահ լրացուցիչ պատվարի 32 կիլոմետրի, ճանապարհների կառուցմանը եւ Մեքսիկայի սահմանին լուսավորությանը, հայտնում է Politico պարբերականը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կալիֆոռնիայի դատարանի ընդունած որոշմամբ պաշտպանության նախարարության միջոցներից 2,5 մլրդ դոլարը չի կարող օգտագործվել պատի կառուցման համար, ինչպես ծրագրել էր վարչակազմը:
Նշվում է, որ լրացուցիչ պատվարի կառուցումը հնարավոր է դարձել այն բանի շնորհիվ, որ «ըստ պայմանագրի ծախսերն ավելի քիչ էին, քան սպասվում էր»: Արդյունքում պատվարի լրացուցիչ 32 կիլոմետրը կհայտնվի Արիզոնա եւ Կալիֆոռնիա նահանգներում:
Սահմանին պատվարի եւ պատի կառուցումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հիմնական խոստումներից մեկն էր: 2019 թվականի սկզբին մի շարք դաշնային հաստատություններ եւ գերատեսչություններ ավելի քան մեկ ամիս փակ մնացին սահմանապահ անվտանգության ֆինանսավորման հարցում Կոնգրեսի հետ Թրամփի տարաձայնությունների պատճառով: