ԱՄՆ-ում բանտարկյալին կամորձատեն պետության հաշվին
ԱՄՆ իններորդ օկրուգի դաշնային վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է Այդահոյի նահանգի իշխանություններին վճարել տրանսգենդեր բանտարկյալ Անդրի Էդմոյի սեռական բնույթի վիրահատության համար, տեղեկացնում է Լենտան՝ հղում կատարելով NBC News-ին։
Էդմոն տառապում է գենդերային դիսֆորիայի ծանր տեսակով։ Նա մի քանի անգամ իրեն ֆիզիկապես վնասել է եւ երկու անգամ փորձել ամորձատել ինքն իրեն ածելիի օգնությամբ։ Դատավճռով վիրահատությունից հրաժարվելը նրա համար «դաժան եւ անսովոր պատժի ձեւ է», որը խախտում է ԱՄՆ Սահմանադրության ութերորդ կետը, ըստ որի՝ հանցագործները չպետք է պատժվեն ավելին, քան նրանց համար վճռել է դատարանը։
Սա առաջին նման դատավճիռն է, որը կայացրել է Միացյալ Նահանգների վերաքննիչ դատարանը։ Սպասվում է, որ այն նախադեպ կդառնա մյուս դեպքերի համար եւ գուցե հանգեցնի «սեռը փոխելու» վիրահատությունները անհրաժեշտ բուժօգնության մաս համարելուն։
Դատավճիռն արդեն զայրացրել է Այդահոյի նահանգապետ, հանրապետական Բրեդ Լիթլին։ Նա այն անվանել է «խիստ հուսահատեցնող» եւ ընդգծել, որ պետությունը չպետք է ավելի կարեւոր հարցերի լուծումից այլ նպատակների վերուղղորդի հարկատուների միջոցները։ Նահանգապետը կարծիք է հայտնել, որ այդ վճիռը պետք է վիճարկել ԱՄՆ Գերագույն դատարանում։