Մենք այդ համակարգերը բարձրռիսկային ենք համարում. ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյա
ԱՄՆ կառավարությունը նախատեսում է մեկ ամիս հետո գործարկել ծրագիր, որը կկենտրոնանա տվյալների շտեմարանների եւ ընտրողների գրանցման համակարգերի պաշտպանության վրա 2020 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ, տեղեկացնում է Reuters-ը։
Նախկին եւ գործող ամերիկյան պաշտոնյաների խոսքով՝ հատուկ ծառայությունների աշխատակիցները զգուշանում են, որ օտարերկրյա հաքերները 2020-ին ոչ միայն կգրոհեն տվյալների շտեմարանները, այլեւ կփորձեն վերացնել այդ տվյալները։
«Մենք այդ համակարգերը բարձրռիսկային ենք համարում»,- ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան, քանի որ դրանք ընտրահամակարգի տեխնոլոգիաների սեգմենտներից մեկն են, որը մշտապես միացած է ինտերնետին։
Կիբեռանվտանգության եւ ենթակառուցվածքի պաշտպանության գործակալությունը (CISA) մտահոգ է, որ տվյալների շտեմարանները կարող են թիրախ դառնալ շորթիչ-վիրուսի համար, նման այն վիրուսին, որը վերջերս գրոհել էր ԱՄՆ քաղաքային համակարգչային ցանցերը, այդ թվում Տեխասում, Բալթիմորում եւ Ատլանտայում։
Շորթիչ ծրագրերի օգտագործմամբ գրոհը սովորաբար արգելափակում է վարակված համակարգչային համակարգը այնքան ժամանակ, մինչեւ որ հաքերը վճար ստանա՝ հիմնականում կրիպտոարժույթով։