Կոսովոյի վարչապետի թեկնածուն առաջին անգամ կին է
Ընդդիմադիր «Կոսովոյի դեմոկրատական միությունը» (ԿԴՄ) առաջադրել է վարչապետի առաջին կին թեկնածուին, նա համալսարանի դասախոս Վյոսա Օսմանին է, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կոսովոյի Ազատագրական բանակի նախկին դաշտային հրամանատար եւ «վարչապետ» Ռամուշ Խարադինայը հուլիսի 19-ին հրաժարական էր տվել եւ հետո ինքնակամ մեկնել Հաագա։ Այնտեղ նա կանգնել է Կոսովոյի հանցագործությունների միջազգային դատարանի հատուկ դատախազության առջեւ, բայց փաստաբանների խորհրդով օգտվել է լռություն պահպանելու իրավունքից։ Հուլիսի 26-ի գիշերը նա վերադարձել էր Պրիշտինա Հաագայից եւ ասել, որ կշարունակի գլխավորել կառավարությունը, չնայած հրաժարականին։ Խարադինայը նախագահ Հաշիմ Տաչիին կոչ էր արել նշանակել արտահերթ ընտրությունների օրը, պատգամավորները ձայների մեծամասնությամբ օգոստոսի 22-ին հաստատեցին խորհրդարանի ցրումը։ Երկուշաբթի Տաչին ստորագրեց համապատասխան հրամանագիր եւ նշանակեց քվեարկության օրը հոկտեմբերի 6-ին։
ԿԴՄ գլխավոր խորհուրդը, որին է պատկանում ներկա գումարման խորհրդարանի 120 տեղից 25-ը, որոշումն ընդունել է երեքշաբթի օրը։ Քարոզարշավը պաշտոնապես սկսվում է սեպտեմբերի 25-ին։
«Օսմանին կին է, երիտասարդ մայր, նվիրված ընտանիքին եւ երկրին, նա քաջություն ունի, որպեսզի հաղթահարի նախորդ շրջանի վատ կառավարման հետեւանքները, նա արժանի է լայն քաղաքացիական աջակցության»,- մեջբերում է Koha պարբերականը ընդդիմադիր կուսակցությանը։
Վյոսա Օսմանին ծնվել է 1982 թվականի մայիսի 17-ին Կոսովսկա-Միտրովիցեում։ Ավարտել է իրավաբանական ֆակուլտետը, պաշտպանել դոկտորական թեզ ԱՄՆ Պիտսբուրգի համալսարանում։ Կոսովոյի խորհրդարանում երրորդ անգամ է ընտրվել ԿԴՄ-ից, այժմ գլխավորում է արտաքին հարաբերությունների, սփյուռքի եւ ռազմավարական ներդրումների կոմիտեն։