Թրամփը հայտարարել է չինական ապրանքների մաքսատուրքերի հնարավոր հետաձգման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է՝ չինական ներմուծման մաքսատուրքերի բարձրացումը հետաձգի նոր բանակցություններ սկսելու Պեկինի մտադրության պատճառով: Նա խոստովանել է, որ չինական կողմի հետ 2 հեռախոսազրույց է ունեցել, որոնք «լավ» ու «արդյունավետ» էին:
«Նրանք լուրջ մտադրություններ ունեն: Նրանք ցանկանում են գործարք կնքել»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Թրամփը:
Թրամփն ավելի վաղ Պեկինին մեղադրել էր ամերիկյան մտավոր սեփականության գողության մեջ, պատասխան խոստացել Չինաստանի կողմից ԱՄՆ-ի դեմ սահմանված սակագնային սահմանափակումներին, ինչպես նաեւ ամերիկյան ընկերություններին կարգադրել էր նոր շուկաներ որոնել:
Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանությունները հայտարարել էին տարեկան 75 մլդ դոլար ընդհանուր ծավալով ամերիկյան ապրանքների ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին: Մաքսատուրքերը կտարածվեն 5 078 անուն ապրանքների վրա եւ ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ին եւ դեկտեմբերի 15-ին Պեկինի ժամանակով կեսգիշերին: Ի պատասխան ԱՄՆ առաջնորդը խոստացել էր Չինաստանից ապրանքների հարկման գումարը սրբագրել: