Ամերիկացի զույգը սովամահ է արել փոքրիկին բժիշկներին չվստահելու պատճառով
Ամուսնական զույգը Ալաբամայից, որը չի վստահում բժիշկներին, սովամահ է արել 3 տարեկան որդուն և մահվան շեմին հասցրել նրա ավագ եղբորը, տեղեկացնում է AP-ը։
Էշլի Քաթրոնին և Ֆրեդերիկա Ֆրինկին մեղադրանք է առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում երեխաների հետ դաժան վերաբերմունքի համար։
Դատախազ Թիմ Դաուիթը հայտարարել է, որ նրանց որդին՝ 3 տարեկան Հենդրիքս Ֆրինկը, մահացել է սովից։ Նա ընդամենը 6 կիլոգրամ է եղել, նրա չորս տարեկան եղբայրը, որի քաշը 7 կիլոգրամ էր, ողջ է մնացել։
Հուլիսի 23-ին սպաները կանչվել են այդ ընտանիքի տուն Հանթսվիլում։ Տնից մեզի հոտ էր գալիս։ Տղաների մահճակալները լիքն էին արյունով, մեզով և կղանքով։
Հյուծված երեխաներին ուղարկել են հիվանդանոց, որտեղ Հենդրիքսին մահացած են ճանաչել։
Ոստիկանությունում ասում են, որ ծնողներն իշխանություններին տեղեկացրել են, թե փորձել են իրենց որդիներին կերակրել PediaSure-ի օգնությամբ, որը համարվում է սննդարար կոկտեյլ և օգնում է քաշ հավաքել երեխաներին։