Հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլիին, որին առևանգել էին Թբիլիսիում 2017-ի մայիսին և գաղտնի տեղափոխվել Ադրբեջան, թույլ չեն տալիս տեսակցել իր փաստաբանին
Աֆղան Մուխթարլիի կնոջ՝ Լեյլա Մուստաֆաևայի՝ բանտարկված լրագրողի իրավունքների սահմանափակման և նրա դեմ հնարավոր սադրանքի մասին հայտարարության կապակցությամբ, փաստաբան Նեյմաթ Քերիմլին օգոստոսի 25-ին գնացել է համար 16 գաղութ պաշտպանյալի հետ հանդիպելու համար:
Contact.az-ի հաղորդմամբ՝ սակայն փաստաբանին և նրա հետ գաղութ եկած «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Գաջիլիին թույլ չեն տվել հանդիպել լրագրողին՝ ոչ աշխատանքային օրվա պատրվակով:
Փաստաբանը պաշտպանյալի հետ հանդիպման մերժումը ոչ օրինաչափ է անվանել: Նրա խոսքով՝ փաստաբանն իրավունք ունի ազատազրկման վայրում ցանկացած պահի իր պաշտպանյալի հետ գաղտնի պայմաններում հանդիպել:
«Հանդիպման մերժումը ավելի է ուժեղացրել մեր մտահոգությունը Աֆղան Մուխթարլիի մասին ՝ նրա դեմ հնարավոր սադրանքների հետ կապված», - ասել է Քերիմլին:
Հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլիին առեւանգել էին Թբիլիսիում 2017-ի մայիսին եւ գաղտնի տեղափոխվել Ադրբեջան, որտեղ նրան մեղադրում են մաքսանենգության, սահմանի ապօրինի հատման, սահմանապահի դեմ բռնություն գործադրելու մեջ եւ դատապարտել են 6 տարվա ազատազրկման:
Մուխթարլիի ձերբակալությունը դատապարտել են Եվրախորհրդարանը, մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունները: Amnesty International-ը նրան ճանաչել է «խղճի բանտարկյալ»: