ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մի քանի պահպանողական տրամադրված կողմնակիցներ ամերիկյան լրատվամիջոցների վարկաբեկման արշավ են գործարկել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մի քանի պահպանողական տրամադրված կողմնակիցներ ամերիկյան լրատվամիջոցների վարկաբեկման արշավ են գործարկել, որոնք, նրանց կարծիքով, կողմնակալ են լուսաբանում ԱՄՆ առաջնորդի գործունեությունը՝ նրան վատ լույսի ներքո ներկայացնելով: Այս մասին հայտնել է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով 4 աղբյուրի:
Պարբերականի տեղեկություններով՝ ընկերության կազմակերպիչները սերտորեն կապված են Սպիտակ տան հետ: Նրանց ջանքերն իբր ուղղված են, առաջին հերթին, համացանցում հրապարակումները կամ լրատվամիջոցների աշխատակիցների հրապարակային հայտարարությունները հավաքելուն, որոնք տեսականորեն կարող էին վնաս հասցնել նրանց սեփական հեղինակությանը, իսկ վերջնարդյունքում՝ կազմակերպությունների իմիջին, որոնց համար նրանք աշխատում են: Ներկայումս Թրամփի կողմնակիցներին արդեն հաջողվել է մշակել առնվազն վերջին 10 տարվա արխիվային տվյալները:
Այսպես, պարբերականի տեղեկություններով, արշավի մասնակիցներն արդեն տեղեկություններ են հրապարակել The New York Times-ի եւ The Washington Post-ի, ինչպես նաեւ CNN հեռուստաընկերության մի քանի աշխատակիցների մասին: Ընդ որում՝ պարբերականը նշում է, որ Թրամփի կողմնակիցների ներկայացրած արտահայտությունները, թեկուզ եւ որոշ դեպքերում ենթատեքստից կտրված են կամ ճիշտ չեն ներկայացված, ընդհանուր առմամբ իսկապես կարող են վնասել դրանց հեղինակների հեղինակությանը: Վարկաբեկող արտահայտությունների որոնումը տարածվում է նաեւ լրագրողների եւ քաղաքական ակտիվիստների ընտանիքների անդամների վրա, որոնք բացասաբար են գնահատում Սպիտակ տան ներկայիս ղեկավարի աշխատանքը:
Պարբերականի աղբյուրներից մեկը պնդում է, որ գործողության արդյունքում հաջողվել է տեղեկություն հայտնաբերել, որը կարող է վնաս հասցնել «մի քանի հարյուր» մարդու կարիերային: Ընդ որում՝ պարբերականը նշում է, որ արշավի հեղինակները մտադիր են ավելի մանրամասն տեղեկություններ հրապարակել 2020 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների նախաշեմին: