Թրամփը Ռուսաստանի պատճառով վիճել է G7-ի առաջնորդների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բիարիցում G7-ի գագաթնաժողովի ժամանակ վիճել է մյուս երկրների առաջնորդների հետ՝ պնդելով, որ Ռուսաստանը պետք է նրանց կազմ վերադառնա։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։
Նշվում է, որ դեպքերը զարգացել են շաբաթ երեկոյան, գագաթնաժողովի պաշտոնական բացման ընթրիքի ժամանակ։ Աղբյուրների խոսքով՝ Թրամփը պնդել է, որ Ռուսաստանին պետք է G7 վերադարձնել և չի համաձայնել գործընկերների փաստարկների հետ, որոնք չեն աջակցել այդ գաղափարը։ Թրամփին աջակցել է միայն Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն, որը շուտով պաշտոնաթող կլինի։
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չեզոքություն է պահպանել, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը վճռականորեն դեմ են հանդես եկել G8 ձևաչափ վերադառնալուն։
Աղբյուրի խոսքով՝ «այդ պահին իրավիճակը սկսել է սրվել, եթե չասել ավելին»։ Նա հավելել է, որ Թրամփի կարծիքով՝ Իրանի, Սիրիայի և Հյուսիսային Կորեայի խնդիրների քննարկման համար «Ռուսաստանը պետք է սրահում ներկա լինի»։
Ընթրիքից հետո G7-ի առաջնորդների լուսանկար է նախատեսվել, սակայն միջոցառումն անսպասելիորեն չեղարկել են։