Թախանձագին խնդրում ենք մեր քաղաքապետին, որ ուշադրություն դարձնի իր մանկության բնակության վայրի վերելակին. Կիևյան 4/4 շենքի բնակիչներ (լուսանկարներ)
Արդեն տևական ժամանակ է, Կիևյան 4/4 շենքի բնակիչները բողոքում են վերելակի ոչ բարվոք վիճակում գտնվելուց:
Operativ լրատվականին ահազանգած բնակիչները պնդում են, որ շաբաթվա մեջ երկու անգամ (նվազագույնը) վերելակը խափանվում է, ունի դռների խնդիր, կոճակներն էլ արդեն մաշվել են
«Մենք թախանձագին խնդրում ենք մեր քաղաքապետին, որ ուշադրություն դարձնի իր մանկության բնակության վայրի վերելակին, որից ամեն անգամ օգտվելիս, ճիշտն ասած, աղոթելով ենք օգտվում, որ հանկարծ էլի չփչանա»,- ասում է բնակիչներից Աննան և պարզաբանում, որ գործող քաղաքապետ Հայկ Մարությանը իր մանկությունն ու պատանեկությունը անց է կացրել հետևյալ հասցեում:
Շենքի մեկ այլ բնակիչ Operativ լրատվականին պատմեց, որ համայնատիրությունում տեղյակ են խնդրին, բայց և իրավիճակը շարունակում է նույնը մնալ.
«Շենքը բարձրահարկ է՝ 9 հարկից բաղկացած, և բնական է, որ հենց վերելակը դադարում է գործել, բնակիչները պետք է խուճապի մատնվեն, պատկերացրեք բարձր հարկերում բնակվող քաղաքացիների անհանգստությունն այդ պարագայում: Վերելակի դռները խնդիր ունեն, վատ են փակվում, շատ անգամ հենց այդ պատճառով բարձր հարկերում՝ 8 կամ 9-րդ հարկում կանչվելու դեպքում այն մնում է այնտեղ և այլևս չի շարժվում: Մասնագետին դիմում ենք, գալիս է , տվյալ պահին սարքում, մինչև հաջորդ խափանումը, բայց այստեղ հիմնավոր վերանորոգում է պետք, չէ՞ որ շենքի շահագործման օրվանից վերելակը նույնն է, իսկ շենքը հանձնվել է բնակության՝ 1981 թվականից»,- ասում է բորբոքված բնակիչը:
«Ոչ լրիվ մի ամիս առաջ լսեցինք, որ Կիևյանի բարձրահարկ շենքերից մեկում վերելակի տանիքը պոկվել է, անպայման մի արտակարգ պատահար պետք է լինի՞, որ մի բան փոխվի՞»,- Operativ լրատվականի հետ զրույցում ասում էին տվյալ հասցեի բակի տաղավարներից մեկում հավաքված տարեց տղամարդիկ:
Operativ լրատվականը հրավիրում է քաղաքապետ Հայկ Մարությանի ուշադրությունը տվյալ խնդրին, հատկապես, որ նրա նախընտրական խոստումներից մեկն էլ բարձրահարկ շենքերի վերելակների խնդրի լուծումն էր: