British Airways ավիաընկերությունը չեղարկել է չվերթերը օդաչուների սպասվող գործադուլի պատճառով
British Airways ավիաընկերությունը սեպտեմբերին առնվազն 5 օրով չեղարկելու է ավիաչվերթերը օդաչուների սպասվող գործադուլի պատճառով, տեղեկացնում է BBC News-ը։
Ավիաընկերության օդաչուները հայտարարել են այն մասին, որ մտադիր են եռօրյա գործադուլ անել սեպտեմբերի 9-ին, 10-ին եւ 27-ին աշխատանքի վարձատրման հետ կապված վեճի պատճառով։
Չնայած գործադուլը կանցկացվի երեք օր, այնուամենայնիվ, ավիաընկերության ուղեւորներին տեղեկացրել են, որ չեղարկվել են նաեւ սեպտեմբերի 8-12-ի չվերթերը, իսկ հաճախորդներից մեկը հեռուստաալիքին տեղեկացրել է, որ չեղարկվել է նաեւ սեպտեմբերի 25-ի չվերթը։
Շատ հաճախորդներ չեն հասցրել այլընտրանք գտնել իրենց չեղարկված չվերթերի համար։
Ավիաընկերությունն ինքը հայտարարել է, որ իրենց չվերթերից ամեն օր օգտվում է 145 հազար մարդ։
«Մենք անում ենք այն ամենն, ինչ կարող ենք, որպեսզի կանխենք մեր հաճախորդների պլանների այս անարդար եւ կործանարար ձախողումը։ Ավիաընկերությունը շատ բարդ գործողություն է իրականացնում, եւ լայնամասշտաբ խախտումների ժամանակ կարող են չվերթերի խափանումներ լինել նաեւ մյուս օրերին»,- ասել են ավիաընկերությունում։