Իսպանիայի նախկին թագավորը կենթարկվի սրտի վիրահատության
Իսպանիայի նախկին միապետ Խուան Կառլոս Առաջինին հիվանդանոց են տեղափոխել, որտեղ կկատարվի սրտի վիրահատություն, հայտնում է Associated Press-ը:
Իսպանիայի 81-ամյա նախկին միապետի առաջիկա վիրահատության մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով թագավորական պալատին, հայտնում են, որ վիրահատությունը նախատեսվել էր հունիսին բուժզննում անցնելուց հետո:
Ուրբաթ երեկոյան կլինիկա գալով՝ Խուան Կառլոսը լրագրողներին ասել է. «Դուք ինձ կտեսնեք դուրս գալիս»:
Խուան Կառլոս Առաջինը հօգուտ որդու գահից հրաժարվել է 2014 թվականին՝ 39 տարի կառավարելուց հետո:
Իսպանացիներից շատերը նրան առանցքային դեմք են համարում, որը վիթխարի դերակատարում է ունեցել 1975 թվականին գեներալ Ֆրանկոյի մահից հետո Իսպանիան բռնապետությունից ժողովրդավարության անցման գործում: