Սոչիում մեկնարկում է «Նոր ալիք-2019»-ը (Լուսանկարներ)
Այսօր Սոչիում մեկնարկում է «Նոր ալիք-2019» երիտասարդ կատարողների ամենամյա մրցույթը, որտեղ այս տարի Հայաստանը ներկայացնում է երաժշտական նախագծերից հայտնի երգիչ Տյոմը: Հայ կատարողն արդեն տասն օրից ավել է, ինչ Սոչիում է: Ճիշտ է՝ Հայաստանը «Նոր ալիք»-ում արդեն քանի տարի է՝ չունի պատվիրակություն, սակայն Տյոմը չնայած այդ դժվարությանը՝ չի սրտնեղում: Երգչին աջակցելու են գնացել ընկերներից մի քանիսը, իսկ մասնակիցների հետ մտերմությունն ու ուրախ ժամանցն էլ ավելի է ոգեւորում հայ մասնակցին, որը NEWS.am STYLE-ի հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով, տրամադրվածությամբ եւ սպասելիքներով:
«Այստեղ շատ լավ է ամեն ինչ, տրամադրությունս հրաշալի է, մթնոլորտը` շատ լավ, մրցակցության ոգի ընդհանրապես չկա: Կարծես, թե դարձել ենք մի ընտանիք: Բոլոր մասնակիցներով շատ մտերմացել ենք ու ամեն ինչ շատ բարձր մակարդակի վրա է ընթանում: Միմյանց ծանոթ էինք դեռ կիսաեզրափակիչ փուլից, որը կայացավ ապրիլին: Այստեղ անհնար էր չմտերմանալ, քանի որ ամբողջ օրը անցկացնում ենք միասին: Առավոտյան սկսվում է մեր փորձը եւ ավարտվում գիշերը: Օրվա մեջ մեզ տրվում է միայն մոտ կես ժամ ազատ ժամանակ, եւ դա միայն ճաշելու համար է, ինչը կրկին միասնին ենք անում: Իհարկե, կան մասնակիցներ, որոնց հետ էլ ավելի մտերիմ եմ, կառանձնացնեմ Կուբայի ներկայացուցչին՝ Իլիանա Սանչեսին: Բոլորն ասում են, որ մենք գրեթե նույն մարդն ենք, ուղղակի ես՝ տղա, նա՝ աղջիկ (ծիծաղում է): Միշտ կատակով ասում եմ, որ «Նոր ալիք»-ում գտել եմ իմ քրոջը: Կառանձնացնեմ նաեւ Լատվիան ներկայացնող խմբին, Վիկտոր Բակլանին, որը ներկայացնում է Մոլդովան, Ռուսաստանի ներկայացուցչին եւ այլն: Հատ-հատ չնշեմ, գրեթե, բոլորս դարձել ենք մեկ ընտանիք»,-ասում է երգիչը՝ խոստովանելով.
«Մինչ Սոչի մեկնելս հայացքներս լրիվ այլ էին, բայց երբ հասա այստեղ, դրանք ամբողջովին փոխվեցին: Ալեքսանդր Ռեւզինն այնպես է աշխատել, որ այստեղ չլինի լավագույնը, ամենալավը, մրցակից եւ այլն: Նա մեզ բոլորիս այնպես է պատրաստել, որ բոլորս լինենք ամենալավը, այդպիսով՝ չեմ կարող առանձնացնել ամենատաղանդավոր կամ ուժեղ մասնակցին: Մենք միմյանցից շատ տարբեր ենք, մրցութային օրերին ինքներդ կհամոզվեք, յուրաքանչյուրն ունի իր հմայքը,յուրաքանչյուրը ներկայացնում է իր երկրի կոլորիտը»:
Երգիչը տպավորված է նաեւ Ռեւզինի հետ աշխատանով ու նրա պրոֆեսիոնալիզմով: Պատմում է, որ ժամանակ առ ժամանակ փորձերին ներկա էին լինում նաեւ այլ հայտնիներ:
«Մեզ հետ ամեն օր աշխատել է Ալեքսանդր Ռեւզինը, որն իր գործի գիտակն է: Ես շոկի մեջ եմ իր պրոֆեսիոնալիզմից: Նա այս մի քանի օրերի ընթաղքում մեզ այնքան հասունացրեց մեր երգարվեստում, որ ես այս դասերը իմ ամբողջ կյանքում եմ պահելու: Երբ առաջին փորձս համեմատում եմ այժմյան փորձերի հետ, տարբերությունը չափազանց շատ է, ու բոլոր մասնակիցների մոտ նկատվում է այդ տարբերությունը: Եղել են նաեւ հայտնի արտիստներ, որոնք եկել են մեզ լսելու: Օրինակ՝ մեկ օր անցկացրել ենք Իրինա Դուբցովայի հետ, ճիշտ է՝ մեր փորձերին չմնաց, բայց լավ ժամանակ անցկացրինք միասին՝ բոլոր մասնակիցներով նրա հետ հավաքվել էինք դաշնամուրի շուրջ… Մի խոսքով՝ շատ հետաքրքիր օրեր եմ անցկացնում, որոնք ամբողջ կյանքիս ընթացոում կհիշեմ»:
Առաջին մրցութային օրը, որը տեղի կունենա օգոստոսի 26-ին, նվիրված է լինելու Ալլա Պուգաչովային: Ռուսական երգարվեստի Պրիմադոննայի 70-ամյակի առթիվ բոլոր մասնակիցները նոր գործիքավորմամբ եւ մոտեցումներով ներկայացբնելու են հայտնի երգչուհու հիթերը: Տյոմը կատարելու է «Так же, как все» երգը: Երկրորդ մրցութային օրը (օգոստոսի 27) հայ մասնակիցը կներկայացնի Գոռ Սուջյանի եւ Աննա Հարությունյանի հեղինակած Let Me Feel You երգը: Մրցույթի ֆորմատը փոքր-ինչ փոխվել է: Այնպես որ՝ երրորդ մրցութային օրը (օգոստոսի 28) միջազգային հիթեր ներկայացնելու փոխարեն՝ մասնակիցները կրկին կկատարեն հեղինակային ստեղագործություններ: Այդ օրվա համար Տյոմն ընտրել է Աննա Հարությունյանի եւ Նիկ Էգիբյանի հեղինակած Give Me Your Love երգը: Տյոմն ասում է՝ երեք երգերն էլ միմյանցից կտրուկ տարբեր են, այնպես որ՝ հեռուստադիտողին նա երեք օրերի ընթացքում կներկայանա մեկը մյուս տարբեր ոճում եւ կերպարներում:
Հարցին՝ արդյոք իրեն կհաջողվի՞ կրկնել մրցույթում մեր մյուս հայրենակիցների հաջողությունը, Տյոմը պատասխանում է.
«Սա մրցույթ է, եւ այն ինդիվիդուալ է յուրաքանչյուրի համար: Իհարկե, եկել եմ հաղթանակի հետեւից, քանի որ ներկայացնում եմ Հայաստանը, բայց ես հաղթելը չեմ դրել առաջնային տեղում: Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Այնպիսի մթնոլորտ է, որ չես կարողանում մտածել, թե ով կհաղթի, դու որ տեղը կգրավես: Հայ մասնակիցները միշտ լավ տեղեր են գրավել: Հուսով եմ՝ ինձ էլ դա կհաջողվի: Ամեն ինչ շատ լավ ու հարթ է ընթանում, ինձ այստեղ շատերն են սիրել, զգում եմ շատերի լավ վերաբերմունքը, այնպես որ՝ ինչո՞ւ ոչ՝ ես կարող եմ ունենալ լավ հորիզոնական, բայց ինչպես ասում են՝ Աստծուց առաջ չընկնենք…»:
Երգիչը նշում է՝ այնքան են մտերմացել մասնակիցներով, որ չի պատկերացնում՝ ինչպես է հրաժեշտ տալու մրցութային մթնոլորտին.
«Չեմ պատկերացնում, որ այլ մրցույթի ժամանակ էլ նույնը կզգամ: Այստեղ այնքան ջերմություն եմ ստացել, որը անհնար է՝ չփոխանցվի հեռուստադիտողին եւ իմ հայրենակիցներին: Ես պատրաստ եմ լիակատար ներկայանալ մրցույթին, ստաբիլ լավ վիճակում եմ՝ թե վոկալային, թե ֆիզիկապես: Շատ ուրախ եմ, որ հենց ես եմ ներկայացնում մեր երկիրը, իսկ ձեր ջերմությունը հաստատ անպատասխան չի մնա: Հավատում եմ, որ շատ լավ ելույթներ կլինեն եւ կարժանանամ լավ գնահատականների»: