Ուկրաինայում փաստաբանի են սպանել. ԶԼՄ-ները հայտնում են, որ քիլերների թիրախում նրա ծանոթն էր՝ Անդրանիկ Մարտիրոսյանը
Հարձակվողների իրական թիրախը, որոնք Կրոպիվնիցկում փաստաբանի են սպանել, կարող էր լինել «Անդո» մականունով (Անդրանիկ Մարտիրոսյան) քրեական հեղինակությունը, հայտնում է ուկրաինական «Первый Городской» պորտալը:
Օգոստոսի 22-ի նախօրեին մոտ 11:45-ին Կրոպիվնիցկում №6 քննչական մեկուսարանի մոտ կրակել են 2 տղամարդու վրա: Տուժածներից մեկը՝ փաստաբան Ալեքսանդր Իվանովը, տեղում մահացել է: Երկրորդին՝ Անդրանիկ Մարտիրոսյանին, որը քրեական շրջանակում հայտնի է «Անդո» մականունով, հոսպիտալացրել են: Հարձակվողներն անհայտ ուղղությամբ փախուստի են դիմել կարմիր «ՎԱԶ»-ով:
«Первый Городской»-ի սեփական աղբյուրների տեղեկացմամբ՝ հնարավոր է, որ մարդասպանների իսկական թիրախը Մարտիրոսյանն էր: Ծագումով Հայաստանից Մարտիրոսյանը քրեական շրջանակում հայտնի է «Անդո» մականունով եւ սերտ հարաբերւթյուններ ունի «օրենքով գող» Արմեն Խաչատրյանի հետ («Խոխոլ Արմեն»), ում բազմիցս ձերբակալել են թմրանյութեր պահելու համար:
Հայտնի է, որ նախկինում Անդրանիկ Մարտիրոսյանի դեմ արդեն մահափորձ կատարվել էր: 2019 թվականի ապրիլի 9-ին Կրոպիվնիցկում Մարտիրոսյանի բնակարանի մոտ էլեկտրավահանակի պայթյուն էր տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով՝ մահացած փաստաբանը ներկայացնում էր Մարտիրոսյանի որդու՝ Արսեն Մարտիրոսյանի շահերը:
Մարտիրոսյանը վիրավորվել է թեւից: Բժիշկների խոսքով՝ վնասվածքը ծանր է: «Կյանքին վտանգ չի սպառնում, բայց նա միաժամանակ այլ հիվանդություններ ունի»,- ասում է օրթոպեդ-վնասվածքաբան Անդրեյ Սեմյոնովիչը:
Մինչդեռ Ուկրաինայի Փաստաբանների ազգային ասոցիացիայից հայտնում են, որ թիրախը հենց Ալեքսանդր Իվանովն էր: Ասոցիացիայի անդամներն իրենց ֆեյսբուքյան էջում նշում են, որ փաստաբանի սպանությունն, անկասկած, կապված է նրա մասնագիտական գործունեության հետ: Նրանք ե՛ւ Ուկրաինայի գլխավոր դատախազությանը, ե՛ւ ազգային ոստիկանությանը կոչ են անում միջոցներ ձեռնարկել հանցագործներին հնարավորինս արագ ձերբակալելու եւ պատասխանատվության ենթարկելու համար: Ասոցիացիայից կարծիք են հայտնել, որ իրավապահ մարմինները կարող են փորձել ուշադրությունը շեղել այս հնչեղ սպանությունից, փոխանցում է «Ինֆորմ-UA»-ն: