Մելիք Մանուկյանը («Շշի Մելո») կասկածներ է հայտնել, որ իր նկատմամբ իրականացված մահափորձի պատվիրատուն քրեական հեղինակություն է
Հայտնի է դարձել «Շշի Մելո» անունով հայտնի գործարար Մելիք Մանուկյանի դեմ օգոստոսի 2–ին իրականացված մահափորձի շարժառիթը։ Գործարարը ցուցմունք է տվել և հայտնել, որ մահափորձի պատճառը երկու տարի առաջ իրեն պատկանող ապակե տարաների գործարանում տեղի ունեցած միջադեպն է։
Մանուկյանը կասկածներ է հայտնել, որ իր նկատմամբ իրականացված մահափորձի պատվիրատուն այդ միջադեպի մասնակից, քրեական հեղինակություն Ազատանցի Պետոն է։
Ըստ մամուլում հրապարակված տեղեկություների՝ դեռևս 2017–ի հուլիսին մի խումբ անձինք, որոնց թվում եղել են նաև հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ, այցելել են Մելիք Մանուկյանի գործարան և առաջարկել, որպեսզի պատգամավորը իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը: Սակայն Մանուկյանը մերժել է նրանց առաջարկը, արդյունքում վիճաբանություն է սկսվել։ Այնուհետև քրեական հեղինակություն Ազատանցի Պետոն սեղանին դրված շշով հարվածել է Մանուկյանի գլխին, ինչից հետո միջադեպին են խառնվել գործարանի աշխատակիցները և ճանապարհել են անցանկալի հյուրերին։
NEWS.am լրատվականը քննչական կոմիտեից հետաքրքրվել է, արդյոք քրեական գործով որևէ դատավարական կարգավիճակ ունի՞ «Ազատանցի Պետո» անունով անձը, սակայան ի պատասխան ասվել է, որ գործով նման անձ չի անցնում։
Ավելի վաղ մահափորձի գործով մեղադրյալ Արթուր Մխիթարյանի պաշտպան Գայանե Գրիգորյանը NEWS.am լրատվականին հայտնել էր, որ Կոտայքի մարզային վարչության Աբովյանի բաժնում իր պաշտպանյալի նկատմամբ ճնշումներ են կիրառել և ստիպել, որպեսզի վերջինս խոստովանի, թե իբր դեպքը կատարվել է ազատանցի Պետոյի պատվերով։
Խոստացել են, որ եթե նա այդպես գրի, իրեն կտան 1.500.000 ԱՄՆ դոլար, ապա իրեն և ընտանիքի անդամներին կտեղափոխեն Շվեդիա, որտեղ նրանք անհոգ կապրեն:
Փաստաբանի վկայությամբ՝ իր պաշտպանյալի նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական ճնշումներ են գործադրվել, խոշտանգել նրան, ինչի արդյունքում արդեն ՔԿՀ–ում Մխիթարյանն ինքնավնասում է կատարել։ Արթուր Մխիթարյանի նկատմամբ ոստիկանական բաժնում իրականացված ենթադրյալ բռնությունների վերաբերյալ պաշտպանը դեռևս օգոստոսի 19–ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն, որտեղից հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ, որը 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, պայթեցվել էր՝ Մ.Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ:
Պարզվել էր, որ Երևան-Սևան ճանապարհին՝ կամրջի տակ տեղադրված պայթուցիկը հեռակառավարվել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երեք անձանց՝ ծնված 1974թ., 1963 և 1966թթ.., մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Operativ լրատվականը ցուցադրել էր նաև «Շշի Մելոյի» մեքենայի պայթյունի և դեպքի վայրի 3D մոդելավորումը :
Հայտնել էինք նաև, որ օգոստոսի 6-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ Արմեն Մուրադյանի կողմից ՀՀ քր. օր-ի 316 հոդվածի հատկանիշներով որպես կասկածյալ ճանաչվել էր, Ազգային ժողովի նախին պատգամավոր, «Շշի Մելո» մակավամբ գործարար Մելիք Մանուկյանի եղբայրը, նախկին ոստիկան, Աբովյան քաղաքի բնակիչ՝ Ռոբերտ Մանուկյանը: