Թուրքիան Ուկրաինային երկու հազար MP-5 ատրճանակ-գնդացիր է մատակարարել
Թուրքիայում արտադրված երկու հազար MP-5 ատրճանակ-գնդացիր է առաքվել Ուկրաինա: Նույն քանակությամբ գնդացիրներ կառաքվեն նաև առաջիկայում: Այս մասին հաղորդել է Anadolu-ն՝ հղում անելով մեքենաշինության և քիմիական արդյունաբերության ինստիտուտի գործարանի տնօրեն Ալի Գյումյուշային:
Գյումյուշայի խոսքերով, գործարանն անցած յոթ ու կես ամիսների ընթացքում արտադրել է 45 հազար հրազենային զենք, այդ թվում՝ 33 հազար MPT-55 ինքնաձիգ, 4500 MPT-76 ինքնաձիգ և 7.500 MP-5 ատրճանակ-գնդացիր:
Ընկերությունն առաջիկայում նախատեսում է նաև արտահանել MPT-55 և MPT-76 գրոհային հրացաններ և JMK BORA-12 դիպուկահար հրացանների զանգվածային արտադրություն սկսել:
Ընկերությունը MP-5 ատրճանակ-գնդացիրներ արտադրում է 1984 թ.-ից՝ գերմանական Heckler & Koch ընկերության լիցենզիայով: MP-5-ի լիցենզավորված արտադրություն իրականացվում է աշխարհի 15 երկրներում: