ԱՄՆ-ն նախազգուշացրել է իրանական լցանավին օգնելու դեպքում խիստ պատժամիջոցների մասին
ԱՄՆ-ն նախազգուշացրել է ամենախիստ պատժամիջոցների մասին, որոնք մասնավոր ընկերություններին կսպառնան իրանական Adrian Darya (Grace 1) լցանավի անձնակազմին սատարելու դեպքում, որը հիմա Միջերկրական ծովում է: Վաշինգտոնը պահանջում է նավի կրկնակի ձերբակալություն, որի կալանքը վերացվել էր Ջիբրալթարի դատարանի որոշմամբ: Այս մասին հայտնել է Պետքարտուղարության ներկայացուցիչը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
«Նավագնացության հատվածը տեղեկացված է այն մասին, որ մենք խիստ պատժամիջոցներ կկիրառենք»,- ասել է Պետքարտուղարությունում Reuters-ի աղբյուրը: ԱՄՆ-ն այս շաբաթ միջերկրածովյան բոլոր երկրների իշխանություններին խնդրել էր իրենց նավահանգիստներում իրանական լցանավի կառանում թույլ չտալ:
Հեռաչափական տվյալների համաձայն՝ Adrian Darya-ն ուղեւորվում է Հունաստանի ափեր, չնայած երկրի վարչապետը հերքել է այս տեղեկությունը:
Պետքարտուղարությունում աղբյուրը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի բոլորի դեմ, ով իրանական լցանավին ցանկացած բնույթի օգնություն ցույց կտա:
«Նավագնացության հատվածի բոլոր մասնակիցները պետք է անցկացնեն պատշաճ իրավաբանական ստուգում, որպեսզի պատժամիջոցային ցուցակի մեջ ընդգրկվածների հետ բիզնես չվարեն եւ չսատարեն՝ ուղղակի թե անուղղակի, կամ նավերի հետ, որոնք պատժամիջոցների ենթակա բեռ են փոխադրում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Լցանավը ձերբակալվել էր Ջիբրալթարի ափերին՝ Սիրիա նավթ տեղափոխելու կասկածանքով, ինչը Եվրամիության պատժամիջոցային ռեժիմի խախտում է:
Նավի կալանքը չեղյալ հայտարարելու մասին դատարանի որոշումից անմիջապես հետո ԱՄՆ-ում դաշնային դատարանը հրամայել էր լցանավը ձերբակալել՝ ելնելով նոր հանգամանքների առկայությունից, սակայն Ջիբրալթարն այս պահանջը չէր կատարել: