ԱՄՆ Փենսիլվանիա նահանգից 29-ամյա նախկին հրահանգիչ Ջոն Փոթթերն օգնության ցանկացած խնդրանքի պատասխանում է «այո»
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգից 29-ամյա նախկին հրահանգիչ Ջոն Փոթթերն օգնության ցանկացած խնդրանքի պատասխանում է «այո»:
USA.one-ի հաղորդմամբ՝ Ջոնը պատրաստ է օգնել յուրաքանչյուրին՝ անծանոթներին, անտուններին, Reddit-ի օգտատերերին: Նրան խնամում է կենդանիներին, երբ նրանց տերերը տանը չեն լինում, մարդկանց մթերքներ է գնում եւ մեքենայի մոտ հասցնում կեսգիշերին, իսկ վերջերս նույնիսկ որոշել է նվիրաբերել երիկամը:
«Ճշմարտությունը միշտ պարզ է: Ես հատուկ մարդ չեմ եւ այդ կերպ մեղքերս չեմ քավում: Ես պարզապես տղա եմ անհանգստության խանգարումով, որը հոգու խորքում միշտ ցանկացել է ճիշտ վարվել: Դեպքեր են եղել, երբ ես հնարավորություն եմ ունեցել օգնել մյուսներին, սակայն զիջել եմ վախերին եւ ինձ թույլ եմ տվել հավատալ, որ նրանց համար ոչինչ չեմ կարող անել: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 4 տարի առաջ, եւ դրանից հետո ես խոստացա օգնության կարիք ունեցողներին «այո» ասել»,- Reddit-ի իր էջում գրում է Փոթթերը:
Վերջին նման դեպքը Փոթթերի հետ եղել է, երբ նա լիցքավորում էր ավտոմեքենան: Մի կին է մոտեցել նրան եւ խնդրել հասցնել տնային բռնության համար մոտակա ապաստան, սակայն տղան պատասխանել է՝ «ոչ»: «Ավելի ուշ ես հասկացա, որ պետք էր համաձայնել, չէ՞ որ նա կարող էր լուրջ խնդիրներ ունենալ»,- հիշում է Ջոնը:
Ջոնն այդ դեպքից հետո ցանկացել է գտնել այդ կնոջն ու ասել, որ մտափոխվել է, սակայն նրա հետքը կորցրել է: Այդ պահից ի վեր նա օգնում է բոլորին: Նա նույնիսկ թողել է հրահանգիչի իր աշխատանքը, որպեսզի շատ ժամանակ ունենա մարդկանց օգնելու համար: Ժամանակի հետ դա նույնիսկ շահույթ է բերել նրան: «Պարզվում է՝ բոլորն ինձ գումար են ցանկանում տալ, սակայն ես բարի գործով եմ միայն զբաղվում: Շատերը զանգում են ինձ ու ասում՝ «Ես պետք է վերանորոգեմ բնակարանս, կարո՞ղ եմ դրա համար ձեզ վճարել»: Ես պատասխանում եմ՝ «Այո, հավանաբար, կարող եք»»: Նման դեպքերում Ջոնն աշխատում է հետեւյալ սկզբուքնով՝ «վճարիր, որքան կստացվի»:
Վերջինը, ում օգնել է Ջոնը, եղել է Մայքլ Մուրը: Մի քանի տարի առաջ նրա մոտ երիկամների հետ կապված խնդիրներ են առաջացել, եւ վերջիվերջո նրան երիկամի փոխպատվաստում է անհրաժեշտ եղել: «Երբեմն օգնություն ես ստանում անծանոթներից: Շատ մարդկանց եմ դիմել, սակայն՝ ապարդյուն»,- պատմել է Մուրը: Ջոնը տեսել է Մուրի պատմությունը Instagram-ի միջոցով:
«Ջոնը շատ հարցեր ուներ: Նա, ինչպես եւ ես, դեռ շատ բաներ պետք է իմանայինք փոխպատվաստման մասին: Նա շատ բաց էր եւ անկեղծ»,- պատմել է Մուրը: Դրանից 6 ամիս անց Ջոնն իր երիկամը տվել է իր նոր ծանոթին: