Դանիայի վարչապետը «հիասթափված է եւ զարմացած» Թրամփի՝ Կոպենհագեն այցը չեղարկելու որոշումից
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը «հիասթափված է եւ զարմացած» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կոպենհագեն այցը չեղարկելու որոշումից: Թրամփը նման որոշում էր կայացրել այն բանից հետո, երբ Ֆրեդերիկսենը ԱՄՆ կողմից Գրենլանդիան գնելու գաղափարն անհեթեթ է անվանել: Պոտենցիալ վաճառքի մասին առաջարկը մերժել էր Գրենլանդիայի վարչապետ Կիմ Կիլսենը, եւ Ֆրեդերիկսենը նրան աջակցել էր, հաղորդում է AP-ը:
Դանիայի վարչապետի խոսքով՝ «Արկտիկայում ամերիկացիների հետ առավել սերտ ռազմավարական համագործակցության հրավերը դեռեւս առկա է»: Նա նշել է, որ անհամբերությամբ սպասում էր սեպտեմբերի 2-3-ին կայանալիք հանդիպմանը՝ հավելելով, որ «ԱՄՆ-ը Դանիայի մտերիմ դաշնակիցներից մեկն է»: Բացի այդ, նա ասել է, որ չի հավատում, թե այցի չեղարկումը կարող է ազդել այլ հարցերի վրա:
Դանիայի թագավորական պալատի խոսնակի խոսքով՝ Թրամփի որոշումն անսպասելի էր:
Ավելի վաղ Թրամփը Twitter-ում հայտնել էր, որ չեղարկում է Դանիա այցը: Նա, մասնավորապես, գրել էր.
«Դանիան շատ յուրահատուկ երկիր է ՝ անհավանական մարդկանցով, բայց հիմնվելով վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի մեկնաբանությունների վրա, որ նա չի հետաքրքրվի Գրենլանդիայի գնման հարցի քննարկմամբ, ես կհետաձգեմ մեր հանդիպումը, որը նախատեսված է երկու շաբաթից, մեկ այլ ժամանակ: Վարչապետը կարողացավ միջոցներ եւ ջանքեր տնտեսել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Դանիայի համար՝ ուղղամտություն ցուցաբերելով: Ես շնորհակալ եմ նրան դրա համար եւ հետագայում անհամբերությամբ կսպասեմ գրաֆիկի փոփոխությանը»: