Թրամփը չի ընդունել ռեցեսիայի հետ կապված մտավախությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունել ռեցեսիայի հետ կապված մտավախությունները՝ հակվելով ավելի լավատեսկան կանխատեսմանը:
«Չեմ կարծում, որ մեզ մոտ ռեցեսիա է,- ասել է Թրամփը: - Մեզ մոտ ամեն ինչ անչափ լավ է ստացվում: Մեր սպառողները հարուստ են: Ես գնացել եմ հարկերի ահռելի նվազեցման»:
AP-ն հայտնում է, որ ուժեղ տնտեսությունը Թրամփի վերընտրվելու բանալին է: Հուլիսից սպառողների վստահության ինդեքսը 6,4 տոկոսով անկում է ունեցել:
Սպիտակ տան տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Լարրի Քուդլոուն հերքել է սպասվող ռեցեսիայի վերաբերյալ մտավախությունները: Նրա խոսքով՝ սպառողներին սպասում է ավելի բարձր աշխատավարձ: Նրանք կարող են ավելի շատ ծախսել եւ տնտեսել: «Իմ կարծիքով՝ մեզ մոտ ամեն ինչ լավ է, եկեք լավատեսությունից չվախենանք»,- ասել է Քուդլոուն:
Նա նաեւ պաշտպանել է չինական նեմուծման համար մաքսատուրքերի սահմանումը: Մինչեւ ԱՄՆ նախագահի աշխատակազմ գալը Քուդլոուն հայտնի էր նրանով, որ դեմ էր մաքսատուրքերին եւ սատարում էր ազատ առեւտուրը: Հիմա նա նշել է, որ Թրամփն իրեն եւ մյուսներին սովորեցրել է, որ «Չինաստանի պատմությունը պետք է փոխվի եւ բարեփոխվի»:
«Մենք չենք կարող Չինաստանին թույլ տալ հետեւել այդ անարդարացի առեւտրային պրակտիկային»,- ասել է Քուդլոուն:
Դաշնային պահուստային համակարգն անցյալ ամիս իր բազային տոկոսադրույքը նվազեցրել էր քառորդ կետով՝ մինչեւ 2-2,5 տոկոս միջակայք: Սա 2008 թվականի դեկտեմբերից Մեծ ռեցեսիայի ժամանակից տոկոսադրույքների առաջին նվազեցումն է: Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը շեշտել է, որ ԴՊՀ-ն մտահոգված է Թրամփի առեւտրային պատերազմի հետեւանքներով եւ արտասահմանում տնտեսության դանդաղ զարգացմամբ:
«Համաշխարհային տնտեսության դանդաղ աճը եւ առեւտրային լարվածությունը ազդում են ԱՄՆ տնտեսության վրա»,- ասել է նա: