Վաշինգթոնը շարունակում է դիտարկել Գրենլանդիան գնելու գաղափարը. Լարի Քուդլոուն
Սպիտակ տունն իսկապես քննարկում է Գրենլանդիան ձեռք բերելու գաղափարը, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսագիտության գծով առաջատար խորհրդական Լարի Քուդլոուն:
Նրա խոսքերով, Վաշինգթոնը շարունակում է դիտարկել Գրենլանդիան գնելու գաղափարը՝ չնայած Դանիայի իշխանությունների պաշտոնական պատասխանին:
«Իրավիճակը զարգանում է, մենք դա ուսումնասիրում ենք: Գրենլանդիան պատկանում է Դանիային: Դանիան մեր դաշնակիցն է, իսկ Գրենլանդիան ռազմավարական տարածք է … Ես պարզապես ասում եմ, որ նախագահը, որն ինչ-որ բան գիտի անշարժ գույք գնելու մասին, ցանկանում է ուսումնասիրել դա»,- ասել է Քուդլոուն:
Այս շաբաթ Wall Street Journal պարբերականը, վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրները, հաղորդել է, որ Թրամփը դիտարկում է Գրենլանդիան գնելու գաղափարը: Քննարկված հարցերի թվում է նաև Արկտիկայում ԱՄՆ ռազմական ներկայության ընդլայնման հնարավորությունը:
Գրենլանդիայում և Դանիայում հայտարարել են, որ կղզին չի վաճառվում: