Սոչիում գետերի ջրի մակարդակը վերադարձել է իր նորմային հորդառատ անձրևներից հետո
Սոչիում գետերի ջրի մակարդակը վերադարձել է իր նորմային, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Կրասնոդարի մարզում Ռուսաստանի ԱԻՆ-ի գլխավոր վարչությանը:
Շաբաթ Սոչիում տեղացել են հորդառատ անձրեւներ: Իշխանությունների տվյալներով՝ անձրեւները պատահարների պատճառ չեն դարձել, սակայն փրկարարների օգնության կարիքն, այնուամենայնիվ, նկատվել է: Նրանք ջուրը հեռացրել են ճանապարհներից եւ փողոցներից: Նրանք նաեւ մեծ ուշադրությամբ հետեւել են քաղաքի չորս գետերին, որտեղ ջուրը հասել էր անբարենպաստ մակարդակի եւ վտանգավոր ցուցանիշների: Գետերը դուրս էին եկել ափերից, սակայն ջուրը չէր լցվել տները:
Նշվում է, որ Սոչիում գետերի ջրի մակարդակի վիճակի շուրջ մոնիթորինգը շարունակվում է: Հանգստավայրում պահպանվում է նաեւ փոթորկի նախազգուշացումը հորդառատ անձրեւների, ամպրոպի եւ ծովում պտտահողմի ձեւավորման պատճառով: Վարչությունում տեղեկացրել են, որ շարունակում է գործել արտակարգ նախազգուշացումը եղանակային վատ պայմանների հետեւանքով նաեւ ամբողջ Կրասնոդարի շրջանում:
«Կառավարման մարմիններն ու ուժերը մարզի 24 մունիցիպալ միավորումներում գործառնում են բարձր պատրաստվածության ռեժիմում: Դրանց տարածքում ձեռնարկվել են համալիր կանխարգելիչ միջոցառումներ»,-ասվում է հաղորդագրության մեջ: