Ամուլսարի ապագան որոշելու համար կառավարությունը պետք է քաղաքական համարձակություն ունենա (Տեսանյութ)
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը օրերս հայտարարել է, որ Հայոց պատմության դասագրքերի տպագրումը կուշանա, քանի որ դրանցում բովանդակային փոփոխություններ են սպասվում, և ընթանում են բարդ քննարկումներ: Ըստ նախարարի՝ խնդրահարույց են Մարտի 1-ի դեպքերի շարադրանքը և ընտրությունների վերաբերյալ հիշատակումները, և դրանք պետք է փոփոխվեն: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է գրող-հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանին:
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ թեման բավականին հին է և տարիներ առաջ բազմիցս քննարկվել է ընդդիմադիր մամուլում: «Պարզ է, որ Մարտի 1-ի հետ կապված շարադրանքը խայտառակություն է, դա գիտություն չէ, այլ պարզապես քարոզչություն»,- ասաց նա՝ հավելելով, սակայն, որ ընդհանրապես կա սխալ մեթոդական մոտեցում:
Հրանտ Տեր-Աբրահամյանի համոզմամբ՝ Պատմության դասագիրքը՝ լինի բուհական, թե դպրոցական, չպետք է ընդհանրապես անդրադառնա այդքան թարմ քաղաքական դեպքերին. «Դա անհեթեթություն է, ինչը սովետական ավանդույթ է: Մինչդեռ Պատմության դասագիրքը տվյալ պահին պատմագիտության մեջ եղած գիտական հետազոտությունների միջինացված արդյունքի ամփոփում է կարծես: Մարտի 1-ի դեպքերը, օրինակ, որպեսզի գան-հասնեն Պատմության դասագիրք, պետք է ենթադրենք, որ դրա շուրջ ֆունդամենտալ կամ իսկական գիտական մեթոդով մի քանի հետազոտություններ են կատարվել, ոչ թե մեկ հոդված կամ մեկ գիրք է գրվել, այլ լուրջ, ֆունդամենտալ, գիտական բանավեճ է եղել: Իսկ 10 տարում մի թեմայի շուրջ կարելի է գրել մեկ գիտական հոդված, բայց 10 տարվա մեջ լուրջ գիտական բազա ստեղծել՝ հնարավոր չէ, դա անլուրջ է. առնվազն պետք է անցնի 20-30 տարի, անգամ դա է հաճախ քիչ: Նույնիսկ Ղարաբաղյան շարժման մասին հատուկենտ են գիտական ուսումնասիրությունները»:
Նա նախարարությանը խորհուրդ տվեց դասագրքից ընդհանրապես հանել նորագույն շրջանը. «Պատմության դասագիրքը պետք է ավարտվի 1991 թվականով, լավ՝ գուցե մի քիչ ավելի ուշ, բայց ոչ երբեք ներառվեն 2008-ի դեպքերը, Պատմության դասագրքում դրանք տեղ չունեն»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: