Ռուսաստանում հիվանդանոցի պացիենտն առևանգել է շտապ օգնության մեքենան
Պրիմորիեի Միխայլովսկյան շրջանի բնակիչը, որը հիվանդանոց էր դիմել, առևանգել է շտապ օգնության մեքենան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ տարածքային վարչությանը:
Ոստիկանությունում պարզել են, որ տղամարդը հիվանդանոցում ագրեսիա է դրսևորել, այնտեղից դուրս գալով՝ նստել է շենքի մոտ կայանված շտապ օգնության մեքենան և հեռացել:
«Միխայլովսկյան շրջանի ոստիկանություն հաղորդում է ստացվել շտապ օգնության մեքենայի առևանգման մասին… Բժիշկները դիմել են ոստիկանություն»,- տեղեկացնում են գերատեսչությունից:
Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության աշխատակիցները առեւանգողին ձերբակալել են Վասիլևկա գյուղում:
«Նախկինում դատված 32-ամյա քաղաքացին չի հերքել իր մեղքը, խոստովանել է կատարածը և ասել, որ մեքենան տնօրինել է այն պատճառով, որ գնա հարևան գյուղի իր տուն: Տղամարդը ոստիկաններին հավաստիացրել է, որ մտադիր էր ավտոմեքենան հետագայում վերադարձնել»,- նշված է հաղորդագրության մեջ:
Քրեական գործ է հարուցվել «Տրանսպորտային միջոցի ոչ իրավաչափ կառավարում առանց հափշտակելու նպատակի», ձերբակալվածին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: