Ջրվեժի «Սոչի Պալաս» հյուրանոցային համալիրի մոտից 2 դանակահարված երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց (Լուսանկարներ)
Այսօր՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 03։15-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխել 2 քաղաքացու։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Լաչինյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչներ՝ 29-ամյա Ռոբերտ Անդրանիկյանն է և 28-ամյա Գևորգ Սիմոնյանը։ Մինչ բժիշկները պայքարում էին նրանց կյանքի համար, ինչը բժիշկներին հաջողվեց, Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ջրվեժ թաղամասի Քոչինյան փողոցում գործող «Սոչի Պալաս» հյուրանոցառեստորանային համալիրի մոտից։
Ոստիկաններն ու քննիչները համալիրի հարևանությամբ հայտնաբերել են Hyundai Sonata մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենա, որը բախվել է КамАЗ մակնիշի բեռնատարին։ Իրավապահներն ունեն կասկածներ, որ նշված Hyundai-ն կապ ունի դանակահարության հետ։ Իսկ հյուրանոցային համալիրի ներսում հայտնաբերել են պատուհանի կոտրված ապակին, վնասված ինչ-որ իրեր, ինչպես նաև համարներից մեկի՝ հեռակառավարմամբ բացվող վնասված դարպաս։ Տեղում Վ. Լաչինյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբում ներգավված քննիչ Հայկ Սարիբեկյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողի կամ կատարողներին և հանցագործության գործիք առարկան կամ առարկաները հայտնաբերելու ուղղությամբ։