Արդեն երեք քրգործ հարուցվել է դիտավորյալ հրդեհումների վերաբերյալ. Ֆելիքս Ցոլակյան
Այս տարի՝ 2018թ-ի համեմատ, Հայաստանում հրդեհների թիվն ավելացել է 84 տոկոսով: Այսպիսի ցուցանիշ երբևէ չէինք ունեցել: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ այդ թիվը վերաբերում է խոտածածկ տարածքների հրդեհներին, ընդհանուր առմամբ, հրդեհների թիվն աճել է ավելի քան 50 տոկոսով:
«Շատ տեղերում խոտածածկ տարածքները չեն հնձվել և չեն ոռոգվել, իսկ չորացած խոտի մեջ կրակ ընկնելու դեպքում շատ արագ տարածվում է: Խոտածածկ տարածքները մոտ են բնակտարածքներին, անտառներին, պատահում է, որ խոտածածկ տարածքի հրդեհը շատ արագ անցնում է բնակշենքերին: Երևանում ամենահրդեհավտանգ տարածքների խոտածածկ տարածքները չեն ոռոգվել, եթե ոռոգվեին, խոնավ կլինեին և հրդեհը չէր տարածվի: Հրդեհավտանգ են նաև անտառի փեշերը, որոնք ճանապարհի եզրին են, մեքենայից ծխախոտ գցելու դեպքում մեծ հրդեհ է առաջանում: Եթե ԱԻՆ-ը ժամանակին ահազանգ է ստանում, հրդեհի տարածումը կանխվում է, բայց հաճախ ահազանգերն ուշ են լինում կամ հրդեհ է բռնկվում, բայց ահազանգ չենք ստանում»:
Նախարարի խոսքով՝ հրդեհների թվի կտրուկ աճը հավանաբար պայմանավորված է խոնավության պակասով և օդի ջերմաստիճանի բարձրացմամբ: «Հրդեհների պատճառը հիմնականում մարդածին է, առանձին դեպքերում կարող է հրդեհ առաջանալ նաև արևի ազդեցությամբ ապակու ոսպնյակի էֆեկտի հետևանքով: Կան նաև հիմնավոր կասկածներ, որ որոշ մարդկանց կողմից դիտավորյալ այրում է եղել, հետաքննության հիման վրա դատախազությունն արդեն երեք քրեական գործ է հարուցել. մի դեպքում ավտոբուսի այրում է տեղի ունեցել, երկու դեպքում՝ աղբամանի: Ճիշտ է, մեծ հրդեհների մասին չէ խոսքը, բայց այրողը կարող է նաև այլ տեղերում հրդեհ առաջացնել»,- նշել է Ֆ. Ցոլակյանը՝ հավելելով նաև, որ բնակչության մասնակցությունը շատ քիչ է հրդեհ հանգցնելու գործում:
Նախարարն անդրադարձել է նաև ռեսուրսների սակավության խնդրին՝ նշելով, որ բոլոր բնակավայրերում չէ, որ կան հրշեջ-մեքենաներ, և երբեմն 35-40 կմ հեռավորության վրա է գտնվում հրդեհի օջախը: Ցոլակյանի խոսքով՝ Երևանում կա հրշեջ փրկարարական 13 ջոկատ, բայց մայրաքաղաքում էլ հախաճ խցանումների պատճառով են լուրջ խնդիրներ առաջանում:
Մանրամասն՝ տեսանյութում: