Դանիայում Գրենլանդիայի գնմամբ Թրամփի հետաքրքրվածությունը ոչ ճշմարտանման կատակ են համարել
Դանիացի քաղաքական գործիչները Գրենլանդիայի՝ թագավորության կազմում ինքնավարության գնմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետաքրքրվածության մասին տեղեկությունը ոչ ճշմարտանման կատակ են համարել: Դանիայի կառավարության նախկին անդամները համապատասխան դիրքորոշումը ուրբաթ ներկայացրել են Twitter-յան իրենց էջերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Սա, ամենայն հավանականությամբ, ապրիլմեկյան կատակ է, բայց ամենեւին ոչ սեզոնին»,- նշել է նախկին վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսենը:
«Թրամփը Գրենլանդիան գնո՞ւմ է: Հույս ունեմ, որ կատակ է, բայց իրականում սարսափելի միտք է՝ Գրենլանդիայի ռազմականացման վտանգով եւ գրենլանդական ժողովրդի ավելի փոքր անկախությամբ՝ բացի Դանիայի համար մեծ կորստից»,- կարծում է ԱԳ նախկին նախարար Մարտին Լիդեգորը:
«Հըմ: Բայց ես կարծում եմ, որ մենք կպահպանենք մեր հողի 370 մլն բարելը»,- նշել է զարգացման նախկին նախարար Սորեն Փինդը:
Հինգշաբթի The Wall Street Journal պարբերականը հայտնել էր, որ Թրամփը, որը սեպտեմբերի 2-3-ին պաշտոնական այցով Դանիա է գալու, իր օգնականների հետ զրույցներում հետաքրքրվել է, թե արժե, որ ԱՄՆ-ն փորձի գնել Գրենլանդիան: Հրապարակումից հետեւում է, որ «նրա խորհրդականներից ոմանք աջակցել են գաղափարը», նրանք ասել են, որ այդ քայլը կարող է տնտեսապես նպատակահարմար լինել: Ամերիկացի առաջնորդի շրջապատի այլ ներկայացուցիչներ համոզմունք են հայտնել, որ նման նախաձեռնությունը երբեք չէր կարողանա հաջողությամբ պսակվել: Պարբերականի տեղեկություններով՝ Թրամփի հարցերի լույսի ներքո նրա խորհրդականները քննարկել են մասնավորապես, թե Վաշինգտոնն արդյոք Գրենլանդիայի ձեռքբերմամբ կկարողանա՞ «Արկտիկայում իր ռազմական ներկայությունն ընդլայնել»:
Հրապարակման մեջ նշվում է, որ անցյալ տարի Թրամփն իր մերձավորների ուշադրությունն էր հրավիրել այն փաստին, որ Դանիան իբր ֆինանսական դժվարություններ ունի այն պատճառով, որ Գրենլանդիան թագավորության կազմում է: Ամերիկացի առաջնորդն այդ ժամանակ իր խորհրդականներին հարցրել էր՝ ի՞նչ են կարծում, արժե, որ Վաշինգտոնը փորձի ձեռք բերել այդ տարածքը: