ԱՄՆ-ն պատրաստ է միջնորդ հանդես գալ Իսրայելի և Լիբանանի միջև սահմանի շուրջ երկխոսությունում. Պոմպեո
ԱՄՆ-ն պատրաստ է միջնորդ հանդես գալ Իսրայելի և Լիբանանի միջև սահմանի, մասնավորապես՝ ծովային սահմանի հարցերի շուրջ խորհրդակցություններում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն՝ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ բանակցությունների արդյունքներով տեղի ունեցած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Բարձր ենք գնահատում վարչապետ Հարիրիի հայտարարությունը սահմանի հարցի շուրջ փորձագիտական խորհրդակցությունների վերականգնման առաջընթացի հասնելու և ծովային սահմանի շուրջ բանակցություններ նախաձեռնելու մտադրության մասին,- ասել է նա: - Մենք պատրաստ ենք դրանց մասնակցել որպես միջնորդ: Հույս ունենք շուտով տեսնել այս կարևոր հարցերի բովանդակային քննարկումներ, որոնց լուծումը օգտակար կլինի Լիբանանի և ամբողջ տարածաշրջանի համար»:
Պոմպեոն հաստատել է աջակցությունը լիբանանյան պետական ինստիտուտների գործունեությանը: «Կարևոր է Լիբանանի ինքնիշխանության, անվտանգության և կայունության ապահովումը: Ողջունում ենք վարչապետի որոշումը Լիբանանի անվտանգության հարցերում ամբողջ պատասխանատվությունը ստանձնելու մասին: Բարեփոխումների անցկացումը թույլ կտա ապաարգելափակել լիբանանյան տնտեսությանը միջազգային աջակցությունը»: