Մերձմոսկովյան շրջանում վթարային վայրէջք կատարած Airbus A-321 ինքնաթիռի ուղևորներին 100 հազարական ռուբլի կվճարեն
Մերձմոսկովյան շրջանում վթարային վայրէջք կատարած Airbus A-321 ինքնաթիռի բոլոր ուղևորներին 100 հազարական ռուբլի փոխհատուցում կվճարվի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Ռամպոռտ Աէրո» ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Եվգենի Սոլոդիլինին:
Պարզաբանվում է, որ օդանավը պատկանել է «Ուրալսկիե ավիալինիի» ավիաընկերությանը:
Նշվում է, որ կրիտիկական իրավիճակի առաջացման պատճառը եղել է ինքնաթիռի բախումը թռչունների երամին, ինչի արդյունքում շարժիչի մեջ թռչուններ են հայտնվել: Օդանավը կոշտ վայրէջք է կատարել Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում գտնվող եգիպտացորենի դաշտում:
74 մարդ դիմել է բժշկական օգնության:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Մոսկվայից Սիմֆերոպոլ թռչող «Ուրալյան ավիաուղիների» օդանավը Ժուկովսկի ծայրամասում Ռիբինսկոյե գյուղի մոտ վթարային վայրէջք էր կատարել եգիպտացորենի դաշտում: Օդ բարձրանալուց հետո օդանավի շարժիչի մեջ թռչուն էր ընկել, այն բռնկվել էր, անիվների կանգնակները կոտրվել էին, և օդանավը նստել էր «փորի վրա»: Օդանավում եղել է 234 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 7 անդամները:
Հրապարակվել էր նաև տեսանյութ Սիմֆերոպոլ ուղևորվող օդանավի վթարի կադրերով :
Այնուհետև պարզվել էր, որ Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների թվում մի քանի հայեր են եղել :