Թրամփը 21 սուտ հայտարարություն է արել մեկ շաբաթվա ընթացքում. CNN
Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 21 սուտ հայտարարություն է արել, հաղորդում է CNN-ը:
Հեռուստաալիքի հաշվարկներով, սա լավագույն արդյունքն է հինգ շաբաթվա ընթացքում: Դա կախված է նրանից, թե որքան է խոսում պետության ղեկավարը:
Անցած շաբաթ նա խոսել է 56 րոպե, ինչը նվազագույն ցուցանիշն է հունվարի վերջից: Ըստ առկա տեղեկությունների, նա սուտ հայտարարություններ է արել դեմոկրատների, Չինաստանի հետ առևտրային պատերազմի, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Կորեաների վերաբերյալ: Օրինակ, նա ասել է, որ Չինաստանի տնտեսական աճի ցուցանիշներն ամենավատն են վերջին 35 տարվա ընթացքում, բայց երկու շաբաթ առաջ նրա խոսքում տարիների թիվը եղել է 27-ը: Իսկ այս ընթացքում ոչինչ չի փոխվել: Նման հայտարարության մեկ այլ օրինակ է առաջնորդի կողմից ԱՄՆ սենատոր Շերոդ Բրաունի որպես նախագահի թեկնածուի հիշատակումը, չնայած որ նա երբեք չի հայտարարել այդ պաշտոնին հավակնելու մասին: Թրամփը նաև հայտարարել է, որ հանրապետականների շրջանում նրա հավանության վարկանիշը 94 % է, չնայած նման ցուցանիշներով վիճակագրական տվյալներ չկան:
Հստակեցվում է, որ ամենից հաճախ պետության ղեկավարը սխալվում է լրագրողների հետ շփվելիս: Բացի այդ, նա սխալներ է թույլ տալիս Twitter-ում և հանրային ելույթների ժամանակ: