Մենք կշարունակենք Ֆրանսիայի նախագահի հետ բանակցությունները.Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզի
Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ եվրոպական երկրների հետ բանակցությունները նախորդ ամսվանից «ավելի լուրջ են դարձել»: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին, հայտնում է Mehr-ը:
Նա նշել է հուլիսի 28-ին Վիեննայում համաձայնագրի վերաբերյալ համատեղ հանձնաժաղովի նիստի մասին, որին մասնակցել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արագչին:
Վաեզին հավելել է, որ առաջիկայում նախատեսվում է եւս մեկ հանդիպում անցկացնել, որին կմասնակցեն Իրանի ԱԳ նախարարը եւ համաձայնագիրը ստորագրած 3 եվրոպական երկրները:
«Որպես լրացում (համատեղ հանձնաժողովի նիստերին) մյուս երկրները, ինչպիսին Ֆրանսիան է, որն ավելի շատ ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ, մեզ հետ բանակցել է: Մենք կշարունակենք Ֆրանսիայի նախագահի հետ բանակցությունները», - ասել է Վաեզին:
Խոսելով համաձայնագրով պարտավորությունների կասեցման երրորդ փուլի մասին՝ Վաեզին հիշեցրել է, որ երրորդ փուլի իրականացման վերջնաժամկետին դեռ մեկ ամսից շատ ժամանակ կա:
«Ամբողջ փուլը կտեւի երկու ամիս: Եթե բանակցությունների վերջին օրերին չկարողանանք արդյունքի հասնել, մենք անպայման կգնանք այդ քայլին: Դրանում ոչ մի կասկած չկա»: