Ռուսաստանում «Յանդեքսը» հայ վարորդներին «անջատել» է համակարգից
Մի քանի օր է՝ ՌԴ տարածքում գործունեություն ծավալող հայ վարորդները կրկին ահազանգում են խնդիրների մասին: Մասնավորապես, նրանց խոսքով, կոնկրետ Մոսկվա քաղաքում արդեն մի քանի օր է՝ «Յանդեքս» տաքսի ծառայությունը հայ վարորդներին անջատել է իրենց համակարգից, և վերջիններս պարզապես այլևս պատվերներ չեն կարողանում ընդունել ու սպասարկել: Մեր զրուցակիցների խոսքով՝ կան վարորդներ, որոնց համակարգը դեռևս անջատված չէ, սակայն աստիճանաբար ամեն բան գնում է համատարած անջատման:
«Բացի դրանից՝ ՌԴ ճանապարհային ոստիկանության կողմից, սկսած փետրվար-մարտ ամիսներից, հայ վարորդները տուգանվում են, իսկ նրանց մեքենաները տեղափոխվում են տուգանային հրապարակ: Տուգանքներն էլ մեծ են՝ 15000 ռուբլի, մեքենայի տիրոջը՝ 3000 ռուբլի, կազմակերպությանը՝ 50000-60000 ռուբլի:
Մոսկվայում 4-5 հազար հայ վարորդ կա, կոնկրետ մեր շրջապատում՝ 300-500, բայց կան ավելի մեծ կազմակերպոթւյուններ, որոնք արդեն ստիպված են ազգությամբ ղրղըզ, ղազախ բելառուս կամ ռուս վարորդների աշխատանքի ընդունել, քանի որ ըստ ռուսական օրենսդրության՝ կոմերցիոն և հասարակական տրանսպորտ կարող են վարել միայն ռուսական վարորդական վկայական ունեցողները կամ այն երկրների քաղաքացիները, որտեղ ռոսերենը երկրորդ պետական լեզու է»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ պետավտոտեսուչները, տեսնելով հայ վարորդների, 5000-15000 ռուբլի կաշառք են վերցնում չտուգանելու համար:
Նշենք, որ ՀՀ քաղաքացիների մեծ մասը արտագնա աշխատանքի է մեկնում հենց ՌԴ, որտեղ շինարարությունից բացի՝ զբաղվում են հիմնականում տաքսի կամ հասարակական տրանսպորտ վարելով: 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին Դաշնային օրենքում» իրականացված փոփոխությունները: Ըստ այդմ՝ արգելվել է աշխատանքի ընդունել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող քաղաքացիներին:
Նոր պայմանների համաձայն՝ 2017 թվականի հուլիսի 1-ից օտարերկրացի քաղաքացիները իրավունք ունեն աշխատել որպես վարորդ միայն ռուսական վարորդական իրավունք ունենալու դեպքում՝ ըստ համապատասխան կարգերի: Օտարերկրյա վարորդները ռուսական վարորդական իրավունք ձեռք բերելու համար նախևառաջ պետք է դիմեն Ռուսաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչություն:
Կատարված փոփոխությունները չեն վերաբերում այն քաղաքացիներին, որոնք իրենց անձնական ավտոմեքենաներից են օգտվում. այդ թվում են նաև զբոսաշրջիկները: Օրենքում կատարված փոփոխություններն առաջին հերթին տարածվում են այն քաղաքացիների վրա, որոնք համարվում են հասարակական տրանսպորտի և տաքսիների վարորդներ: Իսկ եթե գործատուն համարձակվի աշխատանքի վերցնել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող քաղաքացու, ապա պետք է վճարի պետական տուգանք՝ 50 հազար ռուբլու չափով:
Նշենք, որ այս խնդիրն առաջացավ 2013 թվականից, երբ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով վթարի ենթարկվեց։ Առաջացած աղմուկից հետո առաջ բերվեցին օրենսդրական այս փոփոխությունները։ Բայց քանի որ միանգամից հնարավոր չէր դրանք իրագործել, ՌԴ-ում աշխատող բոլոր այլազգի վարորդներին միայն ՌԴ վարորդական իրավունք ձեռք բերելու պարտադրանքը հետաձգվեց մինչև 2017-ի հունիսի 1-ը, որից հետո օրենքը մտավ ուժի մեջ և առ այսօր, տարբեր պարբերականությամբ, կրկին գլուխ է բարձրացնում:
Այս խտրական մոտեցման արդյունքում հարյուրավոր հայ վարորդներ պարզապես անգործ են մնացել: Մեր զրուցակից վարորդների խոսքով՝ կատարված այս փոփոխությունները բացառապես քաղաքական ենթատեքստ ունեին, այլապես Հայաստանը, ՀՀ քաղաքացիները, ովքեր աշխատում են ՌԴ-ում, նման ոչ շահեկան վիճակում չէին հայտնվի:
Նշենք, որ խնդիրը տարբեր հարթակներում բազմիցս բարձրաձայնվել է՝ Ազգային ժողովի ամբիոնից, կառավարությունում, ոստիկանությունում հարցը քննարկվել է, ընդ որում՝ հարցի քննարկում եղել է նաև ՌԴ գործընկերների հետ, սակայն այն, լուծում ստանալու փոխարեն, կրկին գլուխ է բարձրացնում:
Ի դեպ, մեր զրուցակից վարորդների խոսքով, այլ ելք չունենալով՝ հայ վարորդները ՌԴ-ում քննություն են հանձնել և օրինական կարգով ՌԴ վարորդական իրավունքներ ձեռք բերել, սակայն դրանից հետո էլ այդ վարորդներին թույլ չեն տալիս վարորդական գործունեությամբ զբաղվել՝ պատճառաբանելով, թե «ստաժ» չունեն:
Նյութի աղբյուրը՝ 1in.am