Հորմուզի նեղուցը ճանաչվել է բարձր ռիսկի ժամանակավոր գոտի
Հորմուզի նեղուցը ճանաչվել է բարձր ռիսկի ժամանակավոր գոտի, ինչն այդ շրջանում աշխատող նավաստիների համար լրացուցիչ բոնուսներ է ապահովում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Նավաստիների ռուսական պրոֆեսիոնալ միության (ՆՌՊՄ) մամուլի ծառայությանը:
Հուլիսի 19-ի երեկոյան Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի ՌԾՈՒ-ն (ԻՀՊԿ-ն Իրանի զինված ուժերի զորամաս է) Հորմուզի նեղուցում իրանական տարածքային ջրերում ձերբակալել էր բրիտանական Stena Impero լցանավը եւ այնուհետեւ ուղեկցել Բենդեր Աբաս նավահանգիստ: Լցանավի անձնակազմը, բաղկացած 23 մարդուց, այդ թվում՝ 3 ռուսաստանցուց, նավում են մնում, բայց նավատերը չի կարողանում նրանց հետ կապ հաստատել: Իրանի իշխանությունները հայտարարել են, որ լցանավը խարսխել է նավահանգստի մոտ:
«Միջազգային բանակցային ֆորումը (IBF) Հորմուզի նեղուցը ճանաչել է բարձր ռիսկի ժամանակավոր գոտի. եթե այս տարածաշրջանում նավաստիները հարձակման ենթարկվեն, նրանց բոնուս է հասնում եւ կրկնակի փոխհատուցում մահվան կամ աշխատունակության կորստի դեպքում»,- նշված է ՆՌՊՄ հաղորդագրության մեջ:
«Չնայած այսօրվա դրությամբ խնդիրն առնչվել է միայն լցանավերին եւ բրիտանական դրոշով պոտենցիալ նավերին, մենք կցանկանայինք հնարավորինս արագ պատասխանել խնդիրներին եւ բոլորի մտահոգություններին, որոնք այս տարածաշրջանով են անցնում: Ես երջանիկ եմ, որ IBF որոշման մեջ հաշվի է առնվել պոտենցիալ ռիսկը բոլոր նավերի եւ անձնակազմերի բոլոր անդամների համար: Մենք անձնակազմին ազատելու կոչ ենք անում»,- հաղորդագրության մեջ մեջբերված է Տրանսպորտային աշխատողների միջազգային ֆեդերացիայի (ITF) նավաստիների սեկցիայի նախագահ Դեւիդ Հենդելի խոսքը:
Պրոֆմիությունը նշում է, որ բոնուսների եւ մահվան կամ աշխատունակության կորստի դեպքում փոխհատուցման վճարման մասին որոշումը տարածվում է բոլոր նավերի վրա, որոնք ITF կոլեկտիվ պայմանագիր ունեն:
Stena Impero-ի հետ կապված միջադեպը, փաստորեն, իրանական իշխանությունների պատասխանն է հուլիսի 4-ին Ջիբրալթարում բրիտանական իշխանությունների կողմից իրանական լցանավի ձերբակալմանը: Grace 1-ին կասկածել էին Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցների խախտման մեջ: Ավելի վաղ Նավաստիների ռուսական պրոֆեսիոնալ միությունը նավաստիներին կոչ էր արել աշխատանքի չընդունվել Մերձավոր Արեւելք ուղեւորվող նավերի վրա: