Կրեմլն արդարացնում է անկարգությունները կանխելու համար իրավապահների կոշտ գործողությունները
Կրեմլն անթույլատրելի է համարում ուստիկանության անհամաչափ ուժի կիրառումը, բայց արդարացնում է անկարգությունների կանխման համար իրավապահների կոշտ գործողությունները: Լրագրողների հարցերին պատասխանելիս այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք միանգամայն անթույլատրելի ենք համարում իշխանության մարմինների ներկայացուցիչների կողմից ուժի անհամաչափ կիրառումը եւ բացարձակապես արդարացված ենք համարում իրավապահների կոշտ գործողությունները հանրային անկարգությունների կանխման համար»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը: Պեսկովը հատուկ ընդգծել է, որ ինչ-ինչ դատական հայցերի հայտնվելու դեպքում դրանք «պետք է քննվեն անհրաժեշտ կերպով, այնուհետեւ պետք է քննվեն դատարանում»: Ընդ որում՝ նա կոչ է արել հստակ տարբերակել այս կամ այն բնույթի լեգիտիմ, հաստատված կարգով նախապես համաձայնեցված ակցիաները եւ այն գործողությունները, որոնք սահմանվում են որպես «հանրային անկարգությունների կազմակերպման կամ դրանց մարդկանց ներգրավման փորձեր»: «Սրանք միանգամայն տարբեր երեւույթներ են: Դուք գիտեք, որ տեղի է ունեցել թե՛ մեկը, թե՛ մյուսը,- շեշտել է նա: - Ես նկատի ունեմ թե՛ համաձայնեցված ակցիան, թե՛ հանրային անկարգությունների կազմակերպման փորձերը»:
Պեսկովի գնահատմամբ՝ իրավապահ մարմինները կատարում են իրենց պարտականությունները եւ անհրաժեշտ ամեն ինչ անում են այդպիսի ապօրինի փորձերի կանխման համար, ինչպես նաեւ լեգիտիմ համաձայնեցված ակցիաների ժամանակ անվտանգության ապահովման համար: Նա հավելել է, որ այն դեպքում, երբ չհամաձայնեցված հանրահավաքը ձեռք է բերում զանգավածային անկարգությունների ձեւ, այն կարելի է որակել որպես «կազմակերված անկարգություններ»:
Պեսկովը նաեւ հայտնել է, որ Կրեմլը հավասարապես գրանցում է ինչպես ոտիկանությանը չենթարկվելու դեպքերը, այնպես էլ ոստիկանների կողմից ագրեսիվության դրսեւորումները: Այս բոլոր դեպքերով ստուգում է անցկացվում: «Մենք գրանցում եւ ուշադրություն ենք դարձնում բոլոր նյութերին, որոնք դրսեւորվում են, որոնցում միանգամայն ակնհայտ են դեպքերը, որոնց փաստով, ի դեպ, ներքին ծառայողական քննություն է կատարվում, ներքին ստուգում,- ասել է նա՝ նշելով, որ իրավապահ մարմիններն այս մասին հայտնել են: - Նաեւ գրանցում ենք այն նյութերը, որոնք արձանագրում են անհնազանդությունը եւ ավելին՝ իրավակարգի մարմինների աշխատակիցների նկատմամբ ագրեսիան, ինչը նույնպես անթույլատրելի է»:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ ի գիտություն են ընդունում ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը: «Չէ՞ որ մենք ձեզ հետ միասին տարբեր կադրեր ենք տեսել, որոնք համապապատասխանում են նույն «բռնություն» բառին,- ասել է նա: - Ամեն դեպքում, իրավակարգի մարմինների աշխատակիցների նկատմամբ բռնություն եղել է: Հիմա քննչական գործողություններ են կատարվում, որոնք ուղղված են հենց այն բանին, որ հաստատեն կամ հերքեն բռնության կիրառման դեպքերը եւ իշխանության մարմիններին չենթարկվելու ու նրանց դիմադրություն ցույց տալու փաստերը»:
Ընդ որում՝ Պեսկովը խնդրել է նկատի ունենալ, որ նախագահի աշխատակազմը «չի կարող եւ չպետք է այս կապակցությամբ ինչ-որ դատավճիռներ կայացնի»: «Դա Կրեմլի առաձնաշնորհը չէ: Միակ մարմինը, որը որոշում կայացնելու իրավունք ունի, դատարանն է, համապատասխան քննությունից հետո»,- շեշտել է նա: