ԱՄՆ իշխանությունները խստացրել են ներգաղթային նպաստով ապրողներին գրին քարտի տրամադրման կանոնները
Երկուշաբթի ամերիկյան վարչակազմը հրապարակել է հրաման, որով խստացվում են գրին քարտի (ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք) տրամադրումն այն արտասահմանցիներին, որոնք, ըստ իշխանությունների, մեծ հավանականությամբ պետք է ապավինեն պետական նպաստներին: Երկուշաբթի Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնել է ԱՄՆ ներքին անտանգության նախարարությանն առընթեր Քաղաքացիության եւ ներգաղթի հարցերով ծառայության տնօրենի պաշտոնակատար Կեն Կուչինելին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կանոնները խոչընդոտում են, որպեսզի արտասահմանցիները, որոնք մեծ հավանականությամբ կարող են դառնալ պետությանն ապավինած անձինք, ժամանեն Միացյալ Նահանգներ եւ գրին քարտ ստանան»,- ասել է նա:
Գերատեսչության ղեկավարը նշել է, որ այսպիսով «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ամրապնդում է ինքնաբավության եւ անձնական պատասխանատվության իդեալը՝ ապահովելով իրավիճակ, որի դեպքում ներգաղթյալները կկարողանային իրենք իրենց մասին հոգ տանել եւ Միացյալ Նահանգներում հաջողության կհասնեին»: Նրա խոսքով՝ որոշումն ուժի մեջ է մտնում 2 ամսից:
Կուչինելիի պարզաբանմամբ՝ նոր փաստաթուղթը հստակ սահմանում է այն անձանց, որոնք պետության ապավինության տակ են. «մարդը, որը 36 ամիս ժամանակահատվածում 12 ամսից ավելի պետությունից ստանում է մեկ կամ ավելի նպաստ»: «Միեւնույն ամսում երկու տարբեր նպաստներ ստանալը կգնահատվի որպես 2 ամիս» նպաստի ստացում, հստակեցրել է նա:
Ընտրության չափանիշները
ԱՄՆ տարածքում կեցության իրավունքի տրամադրման հարցը լուծելիս երկրի իշխանությունները հիմա ձգտելու են որոշել այն հավանականությունը, որ մարդը կարող է «հանրության համար բեռ» դառնալ: Նրանք, ովքեր չեն համապատասխանում չափանիշներին, մուտքի մերժում կստանան, իսկ երկրում արդեն ապրող ներգաղթյալներին, որոնք չեն կարողանա ապացուցել իրենց ֆինանսական ինքնուրույնությունը, չի հաջողվի երկրում մնալը երկարացնել: «Այս կանոնը, ըստ Քաղաքացիության եւ ներգաղթի հարցերով ծառայության, կառնչվի տարեկան մոտ 400 հազար մարդու»,- ընդգծել է Կուչինելին:
Բացասական գործոն կհամարվի արտոնյալ բժշկական ապահովագրության Medicaid-ի օգտագործումը, պարենային կտրոններ ստանալու եւ բնակարանի արտոնյալ գնման ծրագրին մասնակցությունը: Գրին քարտ ստանալու հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ նաեւ այն մարդկանց մոտ, որոնք տառապում են «լուրջ բուժում պահանջող հիվանդություններով» եւ «արտասահմանցուն կխանգարեն իրեն ապահովել, դպրոց կամ աշխատանքի հաճախել»: Նույնը տեղի կունենա նաեւ այն դեպքում, եթե այդպիսի մարդը բավարար միջոցներ չունի նման հիվանդության բուժումը վճարելու համար: Բացասական բնութագիր կդառնա նաեւ մասնավոր բժշկական ապահովագրության բացակայությունը եւ անգլերենի իմացության անբավարար մակարդակը, որը թույլ չի տալիս «աշխատանքի շուկա դուրս գալ»:
Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ նոր ներգաղթային քաղաքականության հակառակորդները մտավախություն ունեն, որ այս որոշումը կարող է հանգեցնել նրան, որ ԱՄՆ տարածքում բնակվող ներգաղթյալները, որոնք օրենքով իրավունք ունեն պետության կողմից նպաստ եւ օգնություն ստանալու, դրանից կխուսափեն, որպեսզի իրենց համար չփակեն հետագայում քաղաքացիություն ստանալու հնարավորությունը: Արդյունքում՝ այս քաղաքականությունը կհարվածի բնակչության առավել խոցելի շերտերին: Այսպես՝ National Immigration Law Center իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Մարիելենա Հինկեպին The Washington Post պարբերականի հետ հարցազրույցում նոր կանոններն անվանել է «ներգաղթային համակարգն ամբողջությամբ հարուստների օգտին վերակառուցելու նախագահ Թրամփի փորձ»: