Մեկնարկել է Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթը (տեսանյութ)
Արդեն չորրորդ տարին է՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի նախաձեռնությամբ, երիտասարդ կամավորների և բարեգործների աջակցությամբ Հաղարծնի վանական համալիրում նշվում է Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթը։
Սովորաբար միջոցառումն անցկացվում է Խաղողօրհնեքին նախորդող կամ դրան հաջորդող շաբաթվա ընթացքում։
Այս տարի Հաղարծնի շաբաթն ազդարարեց Հայաստանի պետական ջազ նվագախումբը, իսկ հանդիսավոր բացմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
«Տավուշն աշխարհի աչքերով» խորագրով նկարների ցուցահանդես, առավոտյան ժամերգություն, հոգևոր զրույցներ, խաչքարագործությանը, փայտի փորագրությանը, կավագործությանը, գորգագործությանը, կարպետագործությանը, մետաքսանկարչությանը նվիրված վարպետության դասեր․ այս ամենը ներառված է տոնական շաբաթվա ծրագրում։
Հաղարծնի շաբաթը, որին մասնակցում են նաև Տավուշի տարբեր քաղաքներից և համայնքներից, նպատակ ունի ամրապնդել երիտասարդների և հոգևորականների միջև կապը, ինչպես նաև հնարավորություն տալ զբոսաշրջիկներին, սփյուռքահայերին և ուխատվորներին ծանոթանալ Տավուշի մշակույթին։
Տավուշի թեմի կամավոր երիտասարդ Տ․ Օհանյանի կարծիքով Հաղարծնի շաբաթը ժողովրդական միջոցառում է, քանի որ այն ներկայացնում է ժողովրդի աշխատանքը, ժողովրդի մշակույթը, բացի դա այն լավ հնարավորություն է երիտասարդների ինքնադրսևորման համար։
Հաղարծնի շաբաթը կամփոփվի օգոստոսի 18-ին՝ Խաղողօրհնեքի հանդիսավոր արարողությամբ։